Արդեն մի քանի օր է՝ քննարկման թեմա է դարձել փաստը, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սանիկների՝ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական մարզադպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ «Միկա» մարզահամալիրը պետական մի կառույցից անցել է մյուսի: Դպրոցը գործում էր «Միկա» մարզահամալիրում, սակայն դրա մաս չէ, մարզիչները գրանցված են եղել ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում որպես մարզիչներ, ՊԵԿ-ն իր արտաբյուջետային հաշվից է վճարել այդ մասնագետներին, նրանք ստացել են մոտ 400-500 հազար դրամ աշխատավարձ: Դպրոցի ֆինանսավորումը եղել է ամսական մոտ 1.5 մլն դրամ, որը որպես աշխատավարձ բաշխվել է 4 հոգու միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, այդ գումարը բաշխվել է ոչ հավասար, տարբեր մարզիչներ տարբեր չափի աշխատավարձ են ստացել: Հիմա «Միկան» փոխանցվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, եւ ՊԵԿ-ն աշխատավարձ տալու իրավունք չունի:
Հիշեցնենք` 2 հայ շախմատիստներն էլ քավոր-սանիկական կապեր ունեն Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս նրանց հարսանիքի քավորն է: Հիմա շախմատիստները փորձում են հարցազրույցներով տպավորություն ստեղծել, թե նոր իշխանությունները դպրոցի ֆինանսավորումը դադարեցրել են նախկին նախագահի հետ իրենց քավոր-սանիկական հարաբերությունների պատճառով, մինչդեռ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից պնդում են, թե նման բան չկա:
Ավելին` այս պատմության մեջ խորանալու դեպքում միանգամայն այլ պատկեր է պարզվում: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հատուկ պետական լծակները գործադրվել են նրա սանիկների դպրոցի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով: Ընդ որում, այս գործը վստահվել է մի կառույցի, որը որեւէ կապ չունի սպորտի հետ: Իսկ այդպես են վարվել, որովհետեւ միայն ՊԵԿ արտաբյուջետային միջոցներից է հնարավոր եղել բարձր ֆինանսավորում ապահովել: Այլապես մի շարք մարզադպրոցների նման սա եւս կգործեր համայնքապետարանի ենթակայության տակ, որոնց ֆինանսավորումն անհամեմատ ցածր է: Տեղի ունեցածը շատերի կարծիքով կոռուպցիայի դրսեւորում է, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, լինելով ՀՀ շախմատային ֆեդերացիայի նախագահ, փորձել է իր պաշտոնական դիրքն օգտագործել սանիկների դպրոցի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին մի քանի ճշտում է արել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից:
-Պարո՛ն Անանյան, ինչ-որ կոռուպցիոն բան չե՞ք տեսնում այս մասով` հաշվի առնելով այն, որ քավոր-սանիկական կապեր են եղել 3-րդ նախագահի հետ:
-Չեմ կարծում, որ կոռուպցիա է: Ուղղակի եղել են պայմանավորվածություններ: Կա շախմատի դպրոց, որը Սպորտի եւ երիտասարդության նախարարության կազմում է, եւ խնդրել են, որ ՊԵԿ-ը ինչ-որ ձեւով ֆինանսավորի իրենց աշխատավարձը: Այդ մարդկանց մեր ուսումնական ՊՈԱԿ-ում աշխատանքի են ընդունել եւ աշխատավարձ են վճարել: Երբ որ մենք եկանք, տեսանք, որ այդ աշխատավարձերը ՊՈԱԿ-ների կրճատման, օպտիմալացման ընդհանուր մեթոդաբանության մեջ այդքան էլ չեն տեղավորվում, մենք իրենց ասացինք, որ լավ կլինի` դուք Երիտասարդության եւ սպորտի նախարարության հետ քննարկեք ձեր ֆինանսավորման հարցը, որովհետեւ մենք Ձեզ էստեղից հանում ենք:
-Որքանո՞վ է դա թույլատրելի, եթե հաշվի առնենք, որ աշխատավարձերը շատ բարձր են եղել` հասնելով մինչեւ 500.000-ի:
-Թույլատրելիի կամ անթույլատրելիի հարցը չէ: Մարդիկ ստացել են աշխատավարձ, որը վաստակել են իրենց աշխատանքով այլ տեղ: Եթե մենք համախմբի մեջ նայենք, այո՛, եղել է շախմատի դպրոց, եւ իրենք էնտեղ իրենց գործունեությունը ծավալելու համար ստացել են աշխատավարձ:
-Այսինքն` դա օրինակա՞ն է եղել:
-Ի՞նչ եք ուզում, որ ասեմ:
-Ուզում եմ` ասեք` օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ:
-Հանձարարություն է կատարվել: Օրինական է, թե ոչ… ուսումնական ՊՈԱԿ-ում նաեւ շախմատի ուսուցիչներին են վճարել:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՄԵՋ
Հայաստանում պետական գերատեսչությունների աշխատողների համար կրկին «պարապ ժամանակներ» են սկսվել: Տեւական ժամանակ է, ինչ գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, մատնվել են պարապուրդի: Պատճառը ներքաղաքական զարգացումներն են. սպասում են նոր կառավարության կազմավորմանը, նաեւ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին՝ նախարարությունների օպտիմալացմանը:
Նկատենք, որ նման վիճակ Հայաստանում պարբերաբար է լինում. նախորդ տարի էլ` մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները` թավշյա հեղափոխությունից հետո, նաեւ դրանից առաջ պետական համակարգը դարձյալ սպասողական վիճակում էր: Ու այս փուլերում նրանք լիարժեք չէին կատարում իրենց պարտականությունները:
Ու հիմա Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում այդ ամենի պատճառով ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ, միաժամանակ պետական հատվածի աշխատողները սպասողական ու անորոշ վիճակում են, մանավանդ որ մի շարք նախարարներ էլ դարձել են պատգամավոր ու նրանց փոխարեն նոր մարդ չի նշանակվել:
Տեղեկացնենք, որ հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ եւ 15 օրվա ընթացքում նա պետք է ձեւավորի կառավարությունը, ապա 20 օրվա ընթացքում խորհրդարանին ներկայացնի կառավարության ծրագիրը: Երեկ միայն հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը վերանշանակվեցին փոխվարչապետերի պաշտոններում:
Ինչպես հայտնի է, կառավարության հրաժարականից հետո ՀՀ բոլոր նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են: Եւ հիմա նրանք, շունչները պահած, սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Ընդ որում, այս վիճակը ստեղծվել է դեռ նոյեմբերից եւ տեւելու է մինչեւ հունվարի վերջերը:
Առաջիկա օրերին նոր կառավարությունը կձեւավորվի: Ու ստացվում է` պետական համակարգը դեռ կշարունակի պարապուրդի մատնված մնալ: Փոխարենը նրանք այդ օրերի համար վարձատրվում են: Այսինքն` այս օրերին պետբյուջեից հատկացված գումարները փոշիացվում են աննկատ կերպով, քանի որ շատերին գումար է վճարվելու ոչինչ չանելու համար: Այս առումով բավական լուրջ վիճակ է նաեւ այն մարզերում, որոնց ղեկավարները, նաեւ փոխմարզպետները գործուղվեցին խորհրդարան: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված են Շիրակի ու Տավուշի մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշման նախագծերը: Եւ մինչեւ նշանակվեն նոր մարզպետներ, այնտեղ եւս պետական կառավարման համակարգը մի քանի պարապ ու սպասումներով լի օր կանցկացնի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ԱՆՈՒՇԱՐԱՆԸ» ԿՓԱԿՎԻ՞
Դեռ նախորդ տարվանից լուրեր են շրջանառվում, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է վաճառել բիզնեսները: Այդ մասին խոսակցություններն առավել ակտիվացան թավշյա հեղափոխությունից հետո, երբ շրջանառության մեջ դրվեցին Սամվել Բալասանյանի հրաժարականի մասին լուրերը:
Այդ մասին տեղեկատվությունը Սամվել Բալասանյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր դեռ նախորդ տարվանից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ հայտարարեց, որ խնդիրներ իրականում կան ոչ միայն իրենց պատկանող ընկերություններում, այլ ոլորտում բիզնես ծավալած բոլոր ընկերություններում:
Նախքան «Անուշարանի» խնդիրը մեծ հնչեղություն ստացավ «Գյումրի գարեջուր» ընկերությունում կատարված բացահայտումները: ՊԵԿ-ի պաշտոնական հայտարարությունից հետո պարզվեց, որ ընկերության կողմից 360 միլիոն դրամ պետբյուջե պակաս է վճարվել։ Հետագայում այս հարցը հարթվեց։ Քաղաքապետն էլ հայտարարությամբ հանդես եկավ. «Ոչ միայն Անուշարանը, այլ, ընդհանրապես, ալրային եւ շաքարային հրուշակեղենի հետ կապված խնդիր է առաջացել, որովհետեւ ներկրվող հրուշակեղենը, մանավանդ շաքարային հրուշակեղենը, խայտառակ էժան գներով է գալիս Հայաստան։ Հիմա այդպիսի փաստի առաջ է կանգնել նաեւ «Գրանդ քենդին»։ Ալրայինն ինչ-որ տեղ, չգիտես, տարբեր տեղերից է գալիս, այլ ֆիրմաներով, բայց այնքա~ն էժան է ուկրաինական եւ ռուսական շաքարային հրուշակեղենը, գնացե՛ք, տեսե՛ք գները, կզարմանաք։ Հնարավոր չէ այդ ինքնարժեքով, որն այսօրվա դրությամբ ստանում է, կարողանա շահագործել։ Այսինքն` ինչ-որ տեղ, բնականաբար, կա նվազում»,-ասաց Սամվել Բալասանյանը։
«Անուշարան»-ում էլ խուճապ է ստեղծվել: Աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործարանը կփակվի, իրենք էլ փողոցում կհայտնվեն: Այդ մասին տեղեկություններն էլ հերքվում են: Ընկերության տնօրեն Յուրի Նազարյանի փոխանցմամբ` գործարանում անգամ ազատ աշխատատեղեր կան. «2013 թվականի հոկտեմբերի մեկից բացել ենք գործարանը, էսօր աշխատում ենք աշխատատեղ բացել, նոր տեսականի արտադրել, 2013-ից առ այսօր ոչ մի կարգի խոսակցություն լուրջ չի եղել: Խոսում են` գնացել ենք Դուբայ, թագավորն էլ մեզ հնարավորություն է տվել 4 տարով դուրս գնալու, 600 աշխատատեղ է փակվելու, դա ընդամենը թյուրիմացություն է»,-ասաց ընկերության տնօրեն Յուրի Նազարյանը:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի