«Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառը բաժանմունքի գործունեությունը կասեցնելու մասին ՀՀ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի հրամանն է: Նշենք, որ հոգեսոմատիկան բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը սոմատիկ (մարմնական) հիվանդությունների առաջացման եւ ընթացքի վրա։
Այս պահին բաժանմունքում 8 հիվանդ կա, որոնք ստիպված են իրենց բուժման կուրսը կիսատ թողնել: Նրանցից մեկը բարձր ջերմություն ունի, բայց դա չի խանգարում բուժհաստատության տնօրինությանը հիվանդին դուրս գրել: Այս բաժանմունքում պառկած հիվանդները իրենց բուժումը ստանում են պետպատվերի շրջանակում: Եթե Առողջապահության նախարարությունը որոշել է կասեցնել այս բաժանմունքի գործունեությունը, ապա պետական պատվերն էլ կդադարի գործել:
Այս խնդրի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ բուժհաստատությունում եւ պարզեց, որ արդեն կեսօրին բաժանմունքում պառկած հիվանդները չեն կարող ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի այցելության ժամանակ բաժանմունքի վարիչը երեք հիվանդի տուն ուղարկեց այն դեպքում, երբ նրանց խիստ անհրաժեշտ էր բուժօգնությունը:
Այստեղ բուժօգնություն ստացող հիվանդներից մեկի հարազատը` Անահիտ Զաքարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հուսահատ նշեց. «Եկել ենք, որպեսզի բուժում ստանա տղաս, բայց պարզեցինք, որ մեկ օրից ավել չենք կարող մնալ, քանի որ բաժանմունքը փակվում է: Հիմա չգիտեմ, թե ինչ եմ անելու»:
Իսկ, ահա, Սուդարիկ Ադամյանը, որը խնամում է իր հարազատին, չորս օր է, ինչ հոգեսոմատիկ բաժանմունքում է: Նրան եւս զգուշացրել են ժամանակից շուտ դուրսգրման մասին այն դեպքում, երբ Սուդարիկ Ադամյանի հարազատը այդ բաժանմունքում պետք է 14 օր բուժման կուրս անցնի: «Հիվանդին դուռն եք գցում առանց բուժման կուրսն ավարտելու: Բուժման կուրսի ավարտին 10 օր կա: Հիվանդին դուրս են գրում, ասում են` բաժինը փակվում է»,- վրդովված նկատեց Սուդարիկ Ադամյանը:
Պարզվում է` նշված «Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի գործունեության կասեցումն ավելի խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռեւս սեպտեմբերի 21-ի երեկոյան 17.30-ին մի քաղաքացի է մոտեցել «Արմենիա» ԲԿ-ի ընդունարան եւ պահանջել իրեն ընդունել հոգեսոմատիկ բաժանմունք, բայց ընդունարանի բժիշկը կոպիտ սխալ է թույլ տալիս` հիվանդին չընդունելով: Ավելին, ընդունարանի բժիշկը հիվանդի հարազատներին փոխանցել է, որ ոչ աշխատանքային օր է, եւ հոգեբույժը տեղում չէ, այդ պատճառով էլ չի կարող ընդունել: Ապա հիվանդին հորդորել է դիմել Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ եւս նրան չեն ընդունել: Կարճ ասած` նույն հիվանդը մի քանի բժշկական կենտրոն է դիմել, դարձյալ մերժում ստացել: Եւ հուսահատված քաղաքացին, չիմանալով ինչ անել, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով էլ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանին հրահանգել է զբաղվել հարցով: Եւ մեկ ամիս անց նախարարությունը «Արմենիա Հանրապետական» ԲԿ-ից գրությամբ հետաքրքրվել է հիվանդին մերժելու եւ չընդունելու պատճառների մասին: Արդյունքում պարզվել է, որ հոգեսոմատիկ բաժանմունքը չունի հերթապահ բժիշկ: Սա բացահայտելուց հետո Առողջապահության նախարարությունը դիմել է լիցենզավորման գործակալություն եւ պահանջել հոգեսոմատիկ բաժանմունքին զրկել լիցենզիայից:
Առողջապահության նախարարության այս քայլը, կարծես թե, սթափեցնում է ԲԿ-ի տնօրինությանը, ինչից հետո աշխատանքի են ընդունվում բարձր որակավորում ունեցող երեք հոգեբույժներ: Բայց մինչ այդ` արդեն հունվարի 10-ին, բուժհաստատությունը Առողջապահության նախարարությունից ստանում է հերթական գրությունը` բաժանմունքի աշխատանքի կասեցման վերաբերյալ նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի հրամանը:
«Ժողովուրդ» օրաթերթը բուժհիմնարկի գլխավոր տնօրենի թերապիայի գծով տեղակալ Հարություն Դավթյանից տեղեկացավ, որ իրենք պաշտոնապես նամակով արդեն դիմել են Արսեն Թորոսյանին եւ խնդրել են հնարավորություն տալ երկարաձգել բաժանմունքի գործունեությունը, քանի որ նշված բաժանմունքի հիվանդները կիսատ են թողնում իրենց կյանքի համար անհրաժեշտ բուժման կուրսը: Նկատենք, որ մինչ բուժհիմնարկը փաստաթղթերով դիմի լիցենզիաներ տրամադրող գործակալություն, մեկ ամիս կտեւի: Եւ դեռ հարց է, փաստաթղթերը ներկայացնելուց հետո ԲԿ-ին կտրվի՞ լիցենզիա, թե՞ ոչ: Իսկ լիցենզավորման գործակալության հերթական նիստը տեղի է ունենալու փետրվարին: Ավելին` դեռ հայտնի չէ, թե փետրվարին կայանալիք նիստին կներառվի հոգեսոմատիկ բաժանմունքին լիցենզիա տրամադրելու հարցը, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հարություն Դավթյանը հայտարարեց, որ պատրաստվում է հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդների ցանկը, որոնք դեռեւս այնտեղ են, ուղարկել Առողջապահության նախարարության բուժվարչություն, որպեսզի իրենք կարողանան այդ հիվանդներին տեղավորել համապատասխան բուժհիմնարկներում: «Հիվանդներին այլ բուժհիմնարկներում տեղավորելը մեր իրավասությունների մեջ չէ: Այդ բաժանմունքի գործունեության դադարեցնելու պատճառը լիցենզիայի անհամապատասխանությունն է եւ բժիշկների թերհագեցվածությունը: Մենք գիտեինք, բժիշկ էինք ընդունում, այսօր արդեն իսկ բժիշկներով համալրված ենք: Մենք դիմել ենք նախարարին եւ խնդրել ենք մեզ ժամանակ տալ` չկասեցնելով բաժանմունքի գործունեությունը, մինչեւ մենք կստանանք համապատասխան լիցենզիան»,- ահա ԲԿ-ի փոխտնօրենի պատասխանը:
Առողջապահության նախարարությունից մեզ պաշտոնապես փոխանցեցին, որ տվյալ բաժանմունքի հարազատները կարող են մոտենալ նախարարություն եւ դիմում գրել. «Նախարարությունը պատրաստ է անհատական մոտեցում ցույց տալ»: Սա էլ նախարարության անտարբեր եւ ստանդարտ պատասխանը:
Այստեղ խնդիրը հիվանդանոցի թույլ տված սխալը կամ Առողջապահության նախարարության` բաժանմունքի գործունեությունը կասեցնելու հարցը չէ, այլ այն, որ այս երկու կառույցների թերի, սխալ աշխատանքի պատճառով տուժում է հասարակ քաղաքացին, ինչպես մեր իշխանությունն է սիրում ասել, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ