Հաշվեքննիչ պալատի 2018-ի գործունեության և սոցիալական ոլորտի հաշվեքննության արդյունքների մասին զրուցել ենք ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի հետ։
-Պարոն Նռանյան, ամիսների լռությունից հետո կրկին հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները, որոնց անդրադարձել են նաև լրատվամիջոցները։ Ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ կարծես թե պալատը մեկ շատ ակտիվ է, մեկ էլ՝ ոչ։
-Այդպիսի տպավորություն ձևավորվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության առանձնահատկության պատճառով։ Հայաստանում ունենք բազմաթիվ ստուգող, հսկող և վերահսկող մարմիններ, սակայն Հաշվեքննիչ պալատը միակն է, որի աշխատանքի ողջ արդյունքը ենթակա է հրապարակման։ Սակայն մյուս կողմից Հաշվեքննիչ պալատը որևէ իրավունք չունի պարզապաբանումներ և մեկնաբանություններ անել ընթացիկ աշխատանքի վերաբերյալ։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրությանը թվում է, որ պալատը մեկ ակտիվ է, մեկ ակտիվ չէ։ Իրականում այդ լռության փուլի ժամանակ իրականացվում է մեծածավալ աշխատանք, որը հանրությանը տեսանելի է դառնում միայն վերջում՝ արդյունքների հրապարակումից հետո։ Ի դեպ, մենք ավարտել և հրապարակել ենք 2018-ի ծրագրի մի քանի հաշվեքննության արդյունքներ։ Առաջիկայում կհաստատվեն և կհրապարակվեն 2018-ի նոր եզրակացություններ, իսկ 2019 թվականին պլանավորումը կազմակերպելու ենք այնպես, որ հաշվեքննության եզրակացությունները ներկայացվեն պարբերաբար՝ ողջ տարվա ընթացքում։
-Իսկ թավշյա հեղափոխությունը որքանո՞վ ազդեց պալատի գործունեության վրա ։
Հաշվեքննիչ պալատը քաղաքական գործունեություն չի իրականացնում։ Սահմանադրության համաձայն այն անկախ պետական մարմին է։ Անկախ քաղաքական իրադարձություններից Հաշվեքննիչ պալատն իր տարեկան ծրագիրը պետք է կատարի, քանի որ մեր գործունեության շահառուն հանդիսանում է հենց հանրությունը, շարքային քաղաքացին և Ազգային ժողովը։ Անշուշտ, քաղաքական իրավիճակը չի կարող չազդել հաշվեքննության սահուն ընթացքի վրա, սակայն Հաշվեքննիչ պալատը պատրաստ է նման իրավիճակներին։
-Նախորդ տարի կրկին անդրադարձել եք կենսաթոշակներին և ընտանեկան նպաստներին։ Հրապարակումների համաձայն արձանագրվել են բավական մտահոգիչ փաստեր…
-Այո, իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սոցիալական ապահովության պետական ծառայության 2017 թվականի բյուջեի հաշվեքննություն (2018 թվականի բյուջեի հաշվեքննությունը կիրականացվի 2019-ին)։ Այդ ոլորտի հանդեպ hանրության ուշադրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ սոցիալական ոլորտը ամենամեծ տեսակարար կշիռն ունի պետական բյուջեում։ Միայն կենսաթոշակների տարեկան բյուջեն 2017-ին գերազանցել է 220 միլիարդ դրամը, իսկ միայն ընտանեկան նպաստի ծրագրով՝ 37 միլիարդը։ Հաջորդ պատճառը այն է, որ այս ոլորտը ունի ամենամեծ թվով շահառուները։ Նաև չմոռանանք նախկինում արձանագրված չարաշահումները, ինչը զգայուն է դարձնում այս թեման բոլորիս համար։
-Եվ ի՞նչ եք արձանագրել այս անգամ։
-Այս տարի այդ ոլորտում իրականացրել ենք հաշվեքննություն նոր օրենսդրության և INTOSAI սկզբունքների հիման վրա, առաջին անգամ փորձել ենք համապետական մասշտաբով համադրել տարբեր պետական մարմինների շտեմարանների տվյալները՝ բացահայտելու ոչ միայն չարաշահումները, այլ նաև առկա ռիսկերը։ Տեսեք, մենք ունենք տարբեր մարմինների կողմից կառավարվող տեղեկատվական բազաներ՝ արդարադատության նախարարություն, ոստիկանություն, ազգային անվտանգություն, անշարժ գույքի կադաստր, հարկային, մաքսային և այլն… Թոշակների կամ նպաստների նշանակման կամ նշանակումը չեղարկելու որոշումների կայացման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների բավարարումը, որոնց տվյալները առկա են տարբեր բազաներում։ Հաշվեքննիչ պալատի համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվեց ահռելի աշխատանք այդ բազաները համադրելու ուղղությամբ և բացահայտվեցին մի շարք մտահոգիչ երևույթներ։
-Օրինա՞կ։
-Համաձայն օրենսդրության թոշակառուն պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով ներկայանալ բանկ, իսկ կանխիկի դեպքում գումարը պետք է ստանա անձամբ ինքը կամ լիազորված անձը։ Պարզվել է, որ Հայաստանից 12 ամիս բացակայող քաղաքացիներին անկանխիկ վճարվել է 702,6 մլն դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 619,1 մլն դրամ։ ՀՀ-ից 3-9 ամիս բացակայողների դեպքում այդ գումարը կազմում է համապատասխանաբար 9 և 4 մլրդ դրամ։ Ի վերջո ստացվում է, որ ինչ-որ մարդիկ այդ բացակայող քաղաքացիների թոշակները կանխիկ ստացել են, որի իրավասությունը չունեին։ Նաև ակնհայտ դարձավ, որ Հայփոստի միջոցով թոշակների վճարումը մեկ անձի հաշվարկով 12,7 անգամ ավելի ծախսատար է, քան բանկային համակարգի միջոցով։ 2017-ին Հայփոստին դրա դիմաց վճարվել է 1,5 մլրդ դրամ, այնինչ բանկերին՝ ընդամենը 80 մլն դրամ։
Բազաների համադրումը բացահայտել է բազմաթիվ պրոբլեմներ նաև ընտանեկան նպաստների ծրագրում։ Պարզվել է, որ նպաստառուների ցանկում գրանցված են և մոտ 420 միլիոն դրամի նպաստներ են ստացել մարդիկ, որոնք միաժամանակ անշարժ գույքի գործարքներ են արել, մի քանի անգամ ներկրել և վաճառել են ավտոմեքենաներ, նույնիսկ՝ մաքսատան միջոցով ներկրել և իրացրել մեծաքանակ ապրանքներ, վճարել հարկեր և մաքսատուրքեր։ Հազարավոր ընտանիքներ չսպառելով իր հասցեով գազ և հոսանք, այսինքն՝ ենթադրաբար փաստացի չապրելով, նույն հասցեով գրանցված են և նպաստ են ստացել (տարեկան 825 մլն դրամ)։ Ի դեպ, ուզում ենք ուշադրությունը հրավիրել խոցելի խմբերի՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա։ Օրենսդրության համաձայն այդ մարդկանց թոշակը կարող են ստանալ նաև անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից։ Մենք այստեղ տեսնում ենք լրջագույն ռիսկեր, հատկապես եթե նշենք, որ խոսքը Հայփոստով և բանկերի միջոցով ստացվող ավելի քան կեսմիլիարդ դրամ գումարի մասին է։ Ի վերջո, որքանով է ճիշտ, որ ՔԿՀ ղեկավարն իր լիազորագրով այլ անձին տրամարդի ՔԿՀ հիմնարկում պատիժը կրող քաղաքացու թոշակը ստանալու իրավունքը… Նման խնդիրները բազմաթիվ են և այդ բոլորը ներկայացված է հաշվեքննության մեջ։
Համոզված եմ, որ պետության կողմից բազաների ծրագրային համադրման հնարավորությունը ապահովելու դեպքում այսպիսի խնդիրների ծավալները կտրուկ կնվազեն։ Այստեղ գործադիրը ունի մեծ աշխատանք կատարելու խնդիր։
-Լավ, ի՞նչ է լինելու պալատի եզրակացության արդյունքում։ Շատ է խոսվել այն մասին, որ նման բացահայտումները մնում են անհետևանք։
-Օրենսդրության համաձայն Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հրապարակվում է կայքում, տրամադրվում է Ազգային ժողովին և կառավարությանը։ Գործադիրը մեկամսյա ժամկետում պետք է արձագանքի պալատի նյութերին։ Դրանից հետո պալատի լիազորությունները ավարտվում են։ Այնինչ թե հաշվեքննության միջազգային ստանդարտները, թե մեր օտարերկրյա գործընկերները բարձրացնում են հետհսկողական մեխանիզմների ձևավորման հարցը, որպեսզի Հաշվեքննիչ պալատը ՀՀ կառավարության հետ համատեղ կարողանա հետամուտ լինել թերությունների վերացմանը և համապատասխան հետևությունների կատարմանը։ Հենց նույն՝ արդեն հիշատակված սոցիալական ապահովության ծառայության մասով աշխատանքի ծավալը այնքան մեծ է, որ հասկանում ենք՝ մեկ ամսվա ընթացքում ֆիզիկապես հնարավոր չի լինի մանրամասն ուսումնասիրել տասնյակ հազարավոր դեպքեր։ Եվ հաշվեքննությունից հետո հետհսկողական մեխանիզմները թույլ կտային մի քանի ամսվա ընթացքում պալատին գործադիրի հետ միասին մանրամասն ուսումնասիրել և վերացնել բոլոր ռիսկերն ու չարաշահումները։
Թե այս մասով, թե բազմաթիվ այլ ուղղություններով այսօր ի հայտ է գալիս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։ Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում և բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչև վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների և տվյլաների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջև հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվությանը, ինչը միջազգային նորմերի խախտում է և պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար։ Պալատը, որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում` մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն։
Անհրաժեշտ եք համարում համապատասխան օրենքների փոփոխությու՞նը։
Միանշանակ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության։ Օրենքի նախագծում առկա խնդիրների մասին դեռ օրենքի մշակման փուլում բարձրաձայնում էին մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՍԻԳՄԱ կազմակերպությունը։ Իրենք այդ խնդիրը բարձրացրել են նաև վերջերս Հայաստանի կառավարությանը իրենց կողմից ներկայացրած ՀՀ հանրային կառավարման գնահատաման զեկույցում։ Միջազգային դոնոր կառույցները (Համաշխարհային բանկ, Եվրամիություն և այլն) շատ են կարևորում ժամանակակից ստանդարտներով պետական արտաքին ֆինանսական հաշվեքննության իրականացումը, ինչը ոչ միայն կնպաստի միջոցների ծախսման արդյունավետության, այլ նաև երկրի հեղինակության ու վստահելիության մակարդակի բարձրացմանը։
Որքան հասկանում եմ, այդ անհրաժեշտությունը ընդունվում է նաև կառավարության կողմից և կարող ենք ակնկալել, որ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ այս տարի կունենանք դրական տեղաշարժ։
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ