ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետքերով. ինչ են ցույց տալիս վերջին հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, կարծես թե, նոր թափ են առնում: Մասնավորապես դրա մասին են վկայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ տարբեր պաշտոնյաների շփումները Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա կատարած այցի արդյունքները: Ընդ որում, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական ընթացքի մասին անգամ բարձրաձայնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն իր գործընկերներ Արփինե Հովհաննիսյանի եւ Վիգեն Սարգսյանի հետ եւս Գերմանիայում էր: Աշոտյանը հայտարարել է, թե մինչեւ մայիս հնարավոր է` Գերմանիան վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, եւ վերջինս սպասում է հստակ գործողությունների ծրագիր Հայաստանից հետագա համագործակցության համար: Միայն թե ՀՀԿ-ականներն այս ամենն արձանագրում են այն ենթատեքստով, որ ժամանակին իրենց վարած քաղաքականության պտուղներն են նոր իշխանություններն այսօր քաղում:

Փորձենք վերլուծել վերջին օրերի իրադարձությունները: Մասնավորապես, հունվարի 28-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նրա հանդիպումների օրակարգը բավակայն լայն էր եւ հագեցած: Նա, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախագահ Արմեն Սարգսյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Դրանից հետո եղած հայտարարությունները, այդ թվում` հենց Հաննի կողմից, վկայում են հարաբերությունների նոր փուլի մասին: Հանն իր խոսքում ընդգծել է Երեւանի եւ Բրյուսելի միջեւ փոխհարաբերությունների բնականոն զարգացման եւ նաեւ քաղաքական կամքի առկայության, ինչպես նաեւ ծրագրեր ունենալու կարեւորության մասին: Նա իր խոսքում շեշտել է, որ եկել են լսելու` ինչ ծրագրեր կան, եւ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Եվ պետք է արձանագրենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, չնայած տարբեր ուժերի վատատեսական կանխատեսումներին, զարգանում են բավական դինամիկ ձեւով: Դա է վկայում նաեւ Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունները: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից օրակարգում դրված բարեփոխումների փաթեթը պետք է կարողանալ իրականացնել առավել արդյունավետ, հետեւաբար, գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է։

«ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտնեցին, որ պատրաստ են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալները։ Այս առումով ակնհայտ է, որ Հայաստանի ու ԵՄ-ի, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ առանձին հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված, եւ ես չեմ կարծում, որ այս առումով խոչընդոտներ կունենանք: Պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր փաթեթը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերներից», – հայտարարել է Փաշինյանը:

Միաժամանակ, Փաշինյանը նշել է. «Եվրամիության ներկայացուցիչները արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։ Այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում եւ Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Ես չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք։ Ըստ էության, Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, եւ որեւէ կասկած չկա, որ այս զարգացումները կշարունակվեն՝ անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետև ժողովրդավարությունը, եւ նաեւ վերջին ընտրություններում դա արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը»։

Եվ սա այն դեպքում, երբ նոր իշխանությունների ձեւավորումից հետո Փաշինյանի ընդդիմախոսներն անընդհատ բարձրաձայնում էին նրանց ձախողման եւ արտաքին քաղաքականության ոլորտում հարաբերությունները տապալելու ու ձախողելու մասին: Սկզբում մեղադրանքներն ուղղված էին հայ-ռուսական հարաբերություններին եւ այն հանգամանքին, թե Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունելի չէ: Սակայն այս թեզը մերժվեց հենց Պուտինի կողմից, եւ ապացուցվեց հակառակը նրանց հանդիպումների ինտենսիվությամբ: Այժմ էլ նույնը ՀՀ-ԵՄ հարաբերությունների պարագայում է: Եվ չնայած բոլոր վատատեսական տրամադրություններին` եվրոպական կողմը ձգտում է հարաբերություններ ունենալ եւ զարգացնել, սակայն, ինչպես նկատեց ՀՀ վարչապետը, գնդակն իսկապես կառավարության դաշտում է: Եվ մնում է` վերջիններս կարողանան հստակ ծրագրեր ներկայացնել եվրոպական կողմին, որպեսզի կարողանան նաեւ ստանալ ֆինանսավորումը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս