«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2018 թվականի դեկտեմբրի 22-ին գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը hամաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել: Մենք տեղեկացրել էինք, որ սա պատահական հրաման չէ, եւ իրականում իրավապահ համակարգը բացահայտումներ է արել` համաներման գորընթացի հետ կապված, ինչը մտահոգության տեղիք է տվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա համաներումը չէր տարածվում:
Եվ, ահա, մեր այս հրապարակումից 1 ամիս անց մեր տեղեկությունը հաստատվեց պաշտոնապես: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` արձանագրվել են 19 անձի վերաբերյալ համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր (5-ը` ՀՀ Շիրակի, 3-ը` Լոռու, 1-ական` Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի, 3-ը` Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների, 4-ը` ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազների կողմից), որոնց շտկման նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես` վերացվել են խախումներով կայացված համապատասխան դատավարական որոշումները:
Այս փուլում Համաներման մասին օրենքի կիրառման հիմնական խնդիրները կապված են եղել առավելապես նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերով մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշումների ոչ բավարար հիմնավորվածությամբ: Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է ՔԿՀ պետի որոշումը, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:
Գերակշռել են այն դեպքերը, երբ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու կամ չիրականացվելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումները կայացվել են թերի կատարված նախաքննության պայմաններում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ, իսկ առավելապես` մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելու հետ:
Եղել են նաեւ դեպքեր, երբ մեղադրյալի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելիս անտեսվել է, որ մեղադրյալի կողմից երկու կամ ավելի նույնատիպ հանցանք կատարելու պայմաններում Համաներման օրենքի դրույթները կիրառելի չեն:
Որոշ դեպքերում քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաներման ակտ կիրառելու համար հիմք հանդիսացող ոչ բոլոր անհրաժեշտ հանգամանքներն են ամբողջությամբ ստուգվել եւ ճիշտ գնահատվել` մասնավորապես կապված վերջին տասը տարվա ընթացքում մեղադրյալի ունեցած դատվածության, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության հետ: Ասել է թե` իրավապահ համակարգի թեթեւ ձեռքով կոնկերտ անձինք են ազատ արձակվել, ու այստեղ հետաքրքիր է մեկ բան` ինչ շահագրգռվածություն են ունեցել, որ այս մարդկանց ազատ են արձակել:
Քնար Մանուկյան