Ինչո՞ւ է Խաչատուրովի որդին դատի տվել Սուրիկ Խաչատրյանին. զարգացումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Այն մակագրվել է դատավոր Գրիգորի Վարդանյանին: Նրանց դատական վեճը կենցաղային բնույթ ունի:

Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Սուրիկ Խաչատրյանի կնոջ` Լորետա Բարսեղյանի հետ: Նշենք, որ պտտվող այն լուրերը, թե վերջինս հանրապետությունում չէ, չեն համապատասպանում իրականությանը:

Տիկին Բարսեղյանը պատասխանեց մեր զանգին եւ ասաց, որ չնայած որեւէ խնդիր չկա, սակայն ինքը չի ուզում անձամբ խոսել այդ գործի մասին: Մանրամասներ ճշտելու համար զրուցեցինք Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի եւ Իգոր Խաչատուրովի փաստաբան Մինաս Մալխասյանի հետ: Պարոն Զիլֆուղարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի ապօրինի բան չկա, եւ նախօրոք եղել է պայմանավորվածություն, սակայն Խաչատուրովի փաստաբանը, ըստ էության, ասաց հակառակը:

-Պարո՛ն Զիլֆուղարյան, ի՞նչ կառույցի մասին է խոսքը: Մի փոքր մանրամասնե՞ք:

-Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում է ներկայացրել: Կառույցի որոշակի մաս իր հողատարածքի վրա է կառուցվել: Պարոն Խաչատրյանն ու Յուրի Խաչատուրովը հարեւաններ են եղել: Իրենք իրար լավ ճանաչում են: Դա եղել է փոխհամաձայնության, պայմանավորվածության արդյունքում: Պայմանավորվածության մանրամասներին, անկեղծ ասած, չեմ տիրապետում: Ապօրինության մասին խոսք չի կարող լինել: Քանի որ հիմա Յուրի Խաչատուրովը կարծես այստեղ չէ, Սուրիկ Խաչատրյանն էլ արտերկրում է, նրանք պիտի հանդիպեն, որ որոշում կայացնեն:

Դուք ասեք` ինչպե՞ս կարող են հարեւաններ լինել եւ պայմանավորվածություն չունենալ: Իսկապես ոչ մի խնդիր չկա: Տղան է դիմել դատարան: Իգոր Խաչատուրովը, կարծես թե, շտապում է, չի համբերում, որ մեծերը իրենց խոսքն ասեն, որ, հին ավանդույթի համաձայն, նոր մի բան որոշվի: Մենք ոչ մի անհանգստություն չունենք. նորից կհանդիպեն, կպայմանավորվեն: Չգիտեմ` ինչ կորոշվի. կզիջե՞ն անվերադարձ, անհայտույց, նվիրատվությամբ, թե՞ գումարով, դա արդեն, բնականաբար, իրենք կորոշեն: Բայց որ համաձայնությամբ են հողի վրա կառուցել, դա վստահեցնում եմ:

-Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ է Իգոր Խաչատուրովը դիմել դատարան:

-Իսկապես չեմ կարող ասել. դա պետք է պարզել: Այդ հողատարածքի սեփականատերը Իգոր Խաչատուրովն է: Ինքը իրավունք ունի դիմելու դատարան: Ըստ էության, ինքը չի պայմանավորվել Խաչատուրվի հետ, այլ հայրիկը:

-Այսինքն` տեղյակ չի՞ եղել պայմանավորվածությանը:

-Իհարկե տեղյակ է եղել: Բայց թե հիմա ինչ է մտածում, չեմ կարող ասել: Գուցե այս քայլով նա պարզապես շտապեցնում է քննարկումը:

-Պարոն Սուրիկ Խաչատրյանը տեղյա՞կ է այս հայցի մասին:

-Այս պահին դեռ ոչ: Ես եմ գնացել, խնդրել, որ դատական նիստը գետաձգվի, որ հասցնեմ նյութերին ծանոթանալ: Եվ հիմա էլ դեռ վերջնական ծանոթ չեմ:

Իգոր Խաչատուրովի փաստաբան Մինաս Մալխասյան

-Պարո՛ն Մալխասյան, փաստաբան Զիլֆուղարյանից տեղեկացանք, որ այդ հողատարածքի եւ կառույցի մասով նախնական պայմանավորվածություն է եղել Յուրի Խաչատուրովի եւ Սուրիկ Խաչատրյանի մեջ: Ինչո՞ւ է Իգոր Խաչատուրովը դատի տվել նախկին մարզպետին եւ նրա կնոջը:

-Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում, որ նրանք համաձայնության են եկել նախկինում եւ այլն, եւ այլն: Դա համապատասխանում է իրականությանը թե ոչ, հստակ չեմ կարող ասել, սակայն կարծում եմ, որ չի կարող համապատասխանել, որչովհետեւ պայմանավորվածության առկայության պարագայում հարցի լուծմանը դատական կարգով չէր գնա իմ վստահորդը` հայցվոր Իգոր Խաչատուրովը:

Մեր հայցադիմումը մուտք է արվել դատարան եւ դա ուղղակիորեն վերաբերում է մեր տարածքում առկա ինքնակամ կառույցների քանդման աշխատանքներին: Այսինքն` մեր տարածքում առկա ինքնակամ կառույցները ուզում ենք հանել այդտեղից:

-Քանի՞ տարվա պատմություն ունեն այդ կառույցները: Տեղյա՞կ եք, թե ինչու է հիմա հայց ներկայացվել:

-Տեղյակ չեմ` քանի տարվա պատմություն ունի: Ինձ երբ որ դիմել են, ես ուսումնասիրել եմ գործը: Չափագրման արդյունքում պարզվել է, որ տարածքում առկա են ինքնակամ կառույցներ: Պարզվելուց հետո մենք դիմել ենք դատարան: Փաստի պարզ դառնալուց մեկ ամիս էլ դեռ չէր անցել, որ մենք դիմեցինք դատարան: Այսինքն` մենք չափագրման արդյունքում ենք պարզել, որ այդ տարածքում նման կառույցներ կան:

Լուսինե Մինասյան




Լրահոս