«Զիբիլիքս»-ի գործով 11 մեղադրյալների նկատմամբ տուգանքներ սահմանվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Azatutyun.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց «Զիբիլիքս»-ի գործով դատավճիռը։

11 մեղադրյալներից Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ, Հանրապետական Հրայր Անտոնյանի, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանի նկատմամբ դատարանը սահմանեց տուգանք՝ 2 միլիոն 500 հազարական դրամի չափով։ Մինչդեռ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Հրայր Անտոնյանին և Ստեփան Սահակյանին:

Գործով անցնող մյուս 9 ամբաստանյալները՝ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը տուգանվեցին 2 միլիոն 300 հազարական դրամով, իսկ Հեղինե Փոգրարյանը՝ 2 միլիոն 250 հազար դրամով։

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին հաղորդում» էր ներկայացրել՝ դրան կցելով հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին, որ այն ժամանակ իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում՝ նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ, ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

Քրեական գործը դեռ 2017 թվականի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: «Ելք»-ը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը և 2018-ի հունիսի սկզբին գործը վերաբացվել էր։

Գործով անցնող բոլոր ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջդրված մեղադրանքները։




Լրահոս