Վերջին շրջանում որոշ անձինք կամ անձանց խումբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վարկաբեկող գործողություններ է իրականացնում: Այդ անձանց մեջ են ներառված նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք (բացահայտ կամ ծածուկ), որոնք հանրային վստահության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կապիտալով ոգևորված, մտածում են, որ այդ վարքագիծն էլ հավանության կարժանանա ժողովրդի կողմից:
Հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ՝
– Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել.
– Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը.
– Նույնիսկ Խորհրդային միությունը չկարողացավ ոչնչացնել Եկեղեցին: Բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդն է գործում, միշտ լինում են սխալներ: Բացառություն չէ նաև կրոնական ոլորտը:
Նույնիսկ կաթոլիկ եկեղեցում կան լուրջ բացթողումներ ունեցող կրոնականներ: Բայց դա աշխարհիկ իշխանությանը իրավունք չի տալիս վերացնել եկեղեցին:
Եկեղեցին իր մեջ իր խնդիրները կլուծի, քանի որ ունի ինքնամաքրման համակարգ: Ի պատիվ մեր ժողովրդի, Եկեղեցու բացառիկությունը ճանաչված է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով:
Հետևաբար, այդ բացառիկությունը հերքող որևէ գործողություն հարված է Եկեղեցուն և ժողովրդին:
Որպես քաղաքացի կոչ եմ անում այդ պաշտոնատար անձանց՝
– Հեռու մնացեք Եկեղեցուց և ճանաչեք Եկեղեցու բացառիկությունը.
– Հիշեք, որ պետությունները չեն կարողացել Եկեղեցուն ոչնչացնել (Եկեղեցուն չի կարող նույնիսկ դժոխքը հաղթել).
– Հիշեք, որ ձեր իշխանության վերջի սկիզբը լինելու է Եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի առաջին օրը.
– Հիշեք, որ իր իրավունքների պաշտպանության համար փողոց դուրս չեկող քաղաքացին Եկեղեցու պաշտպանության համար դուրս է գալու փողոց:
Որպես քաղաքացի ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին:
Գրում է Արա Զոհրաբյանը։