«Փաստ» օրաթերթը գրում է. Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Արցախի Հանրապետություն, բարձր մակարդակի հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի հետ, ինչպես նաև ընդլայնված կազմով խորհրդակցություն են անցկացրել Արցախի Ազգային ժողովում: Նոր խորհրդարանի ձևավորումից հետո սա ԲՀԿ–ի առաջին պաշտոնական այցն է:
Նախկինում ևս ԲՀԿ–ն բավական ակտիվ էր Արցախի հետ կապերի իմաստով: Խոսքն, ընդ որում, ոչ միայն ներքին, այլև արտաքին ակտիվության մասին է: Նախկինում էլ կուսակցությունն իր եվրոպացի գործընկերներին է ուղեկցել Արցախ, ծանոթացրել երկրորդ հայկական պետության քաղաքական վերնախավին, կազմակերպել քննարկումներ նրանց միջև, ինչպես նաև շանս ընձեռել ծանոթանալ արցախյան հասարակական տրամադրություններին:
Նոր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության այցն Արցախ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստան– Արցախ հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես երկու երկրների ղեկավար կազմի հանդիպումներով: Այս հարաբերությունները պահանջում են անխտրական, համազգային միասնություն, և բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են այս հարցում մշտական ռեժիմով պահել համագործակցությունը:
Բացի այդ էլ շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման, ընդհանրապես տարբեր միջազգային հարթակներում Արցախի շուրջ քննարկումներում հայանպաստ դիրքորոշման ամրապնդման համար: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դերակատարումը Եվրախորհրդարանում, որտեղ նա քանիցս կարողացել է հայանպաստ դիրքորոշումներն առաջ տանել, միաժամանակ սուր դիմադրություն ցույց տալով ադրբեջանական պատվիրակներին ու ադրբեջանական կողմի միջոցներով լոբբինգ արվող նախագծերին:
Հատկապես հիմա, երբ Արցախի շուրջ ակտիվ գործընթացներ են ընթանում, կա խնդրի շուրջ միջազգային քննարկումների ակտիվացում, կենսական է, որպեսզի Հայաստանից այս հարցում հնչող ուղերձները լինեն հստակ ու ցույց տան ոչ միայն հասարակության ու երկու երկրների իշխանությունների, այլև ողջ քաղաքական դաշտի միասնականությունն այս հարցում: Շատ կարևոր էր նաև Ծառուկյանի ուղերձն առ այն, որ ներկայումս Արցախ–Հայաստան տարանջատում մտցնելու փորձերը պետք է բացառել: Իսկապես վերջին շրջանում այդ փորձերը բավական շատ են, ու հաշվի առնելով դրանց բացասական հետևանքները, դրանց օր առաջ չբացառումը կարող է բերել անցանկալի արդյունքների:
Ընդհանուր առմամբ այցը կարելի է ամփոփել Ծառուկյանի այն հայտարարությամբ, որ նա հնչեցրել էր նաև նախընտրական շրջանում և ևս մեկ անգամ հնչեցրեց Արցախում՝ «Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է»: Իսկապես, մեծ հաշվով, Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է վաղուց և պատրաստ է լուծել նաև ապագայում: Իսկ մնացածն արդեն կախված է երկու երկրների քաղաքական ուժերի, հասարակության միասնականությունից, դիվանագիտական, տնտեսական ու մյուս ոլորտներում համատեղ ջանքերից, որոնք պետք է պարզապես ամրագրեն հայ ժողովրդի հաղթանակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում