«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների պնդմամբ` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպմանը ներկա չեն եղել հանձնաժողովների՝ ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական նախագահները, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնելուց` ասելով, որ գաղտնիք է:
Նկատենք` «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ սովորություն է ձեւավորվել փակ նիստեր անելն ու քննարկած հարցերը գաղտնի պահելը: Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով, որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, եւ դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու: