Հայաստանում ասում են` էս ինչի՞ է եկել էստեղ, ղարաբաղցիք էլ դե, գիտեք, սահամանափակում են. Սամվել Բաբայանն ինչ-որ բանի է սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ: Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք. հաջորդ նախագահի հավակնորդներ են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ Արցախում որպես լուրջ քաղաքական բեւեռ դիտվում է նաեւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նշենք, որ վերջինս, իհարկե, անձամբ եւ ուղղակի ներգրավված չէ քաղաքական պրոցեսներումեւ այս փուլում, ըստ էության, գործում է ստվերում` փորձելով ճկունություն ցույց տալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի միակ փրկությունը եւ նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանդրական խոչընդոտի: Բանն այն է, որ համաձայն Արցախի Սահմանադրության հոդված 48-ի 2-րդ կետի` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանը 2005թ. Երեւանում հիմնել է «Դաշինք» կուսակցություհը: Այդ կուսակցությունը գլխավորվելով` մասնակցեց ՀՀ խորհրդանական ընտրություններին, սակայն նրան չհաջողվեց հաղթահարել ընտրական շեմը: Պարտությունից հետո Բաբայանը դուրս եկավ ակտիվ քաղաքականությունից եւ լքեց Հայաստանը` ըստ ամենայնի մեկնելով Ռուսաստանի Դաշնություն: Հիշեցնենք` 2016 թվականի ապրիլյան պատերազմականան գործողություններից հետո ստորագրահավաք մեկնարկեց, որի պահանջը Բաբայանի վերադարձն էր: Եվ արդեն 2016թ. մայիսի 23-ին «Սամվել Բաբայան վերադարձ» քաղաքացիական շարժումը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր.
«Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը այսօր վերադարձել է Հայաստան: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում»:

Պաշտոնապես հայտարարվում է, որ Բաբայանը Հայատան է վերադարձել 2016թ. մայիսի 23ին: Այսինքն` նա չի կարող իր թեկնածությունը առաջադրել որպես նախագահի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Սամվել Բաբայանի հետ: Վերջինս սկզբում նշեց, որ ինքը նման մտադրություն չունի, սակայն հետագա խոսակցությունից պարզ դարձավ, որ նա, ըստ էության, իրեն տեսնում է այդ պաշտոնում, սակայն ինչ-որ բանի է սպասում Արցախի իշխանությունների եւ ժողովրդի կողմից:

-Պարո՛ն Բաբայան, լուրեր են շրջանառվում այն մասին, որ դուք ցանկություն ունեք Արցախում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես որեւիցե ներքաղաքական հետաքրքրություն չունեմ ո՛չ Արցախում, ո՛չ այստեղ:

-Դուք հերքո՞ւմ եք այն, որ ցանկություն ունեք թեկնածություն դնել:

-Նման բանի մասին դեռ չեմ մտածում:

-Դե՞ռ: Առաջիկայո՞ւմ էլ չի լինելու:

-Չգիտեմ, բայց նաեւ ոչինչ չեմ բացառում:

-Ինչի՞ց է կախված` կունենաք նման մտադրություն, թե ոչ:

-Արցախի Հանրապետության սահամանդրության համաձայն` վերջին 10 տարին պետք է ապրած լինես այնտեղ: Դե ես էլ Հայաստանում եմ ապրել: Հիմա Հայաստանում ասում են` էս ինչի է եկել էստեղ, ղարաբաղցիք էլ դե, գիտեք, սահամանափակում են: Հիմա ես էլ չգիտեմ` ոնց Ձեր հարցին պատասխանեմ:

-Այսինքն` օրենսդրական փոփոխությունների սպասո՞ւմ եք:

-Ես չեմ սպասում, որ իրենք կամավոր կարող են նման փոփոխություն անել:

-Չեք էլ խառնվելո՞ւ, որ նման զարգացումներ լինեն:

-Դեռեւս ոչ մի բանի չեմ խառնվելու:

-Դեռե՞ւս: Ինչ-որ առաջակության եք սպասո՞ւմ:

-Հիմա ուղղակի հետեւում եմ զարգացումներին: Ամեն ինչ թող իր հունով գնա: Ինչո՞ւ պիտի խառնվեմ: Ես նման կոմպլեքս չունեմ: Եթե կլինի առաջակություն, կքննարկենք: Նման առաջակություն դեռ չկա:

-Ո՞ւմ կողմից եք սպասում առաջակության:

-Դե եթե լինի, կմտածեմ: Հիմա ո՞վ կանի այդ առաջակությունը: Գուցե Ղարաբաղի ժողովո՞ւրդը: Եթե ոչ մեկը չի անում նման բան, գնամ, ասեմ` եկել եմ, որ ի՞նչ: Եկել եմ ձեզ փրկե՞մ, ձեզ ծառայե՞մ: Ծառայում են էլի տղերքը, թող ծառայեն:

Հ.Գ. Մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Արցախի ոսստիկանության անձնագրային բաժնից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Լուսինե Մինասյան




Լրահոս