Ովքեր էին ներկա «Իմ քայլ»-ի հետ հանդիպմանը, և ինչ է խոսվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել: Թեեւ ի սկզբանե խոսվում էր, որ իշխող խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպելու են կառավարության անդամների հետ, սակայն իրականում ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու երկու մարզպետներ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպումից հետո ասել է, որ նիստում կառավարության ծրագրին ու կառավարության կառուցվածքային փոփոխությունների խնդրին շատ հպանցիկ են անդրադարձել, որ դրանք դեռեւս կառավարության օրակարգում են, եւ քննարկումները շարունակվում են: Ըստ էության, նիստից մանրամասներ չեն ներկայացվել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ավելի մանրամասն տեղեկություններ չեն հրապարկվում միայն այն պատճառով, որովհետեւ նիստում քննարկված հարցերը դեռ նախնական փուլում են, եւ հստակ որոշումներ չեն եղել, զուտ զրույցներ, հարց ու պատասխան: Թեեւ նախատեսված է եղել, որ հարցեր ուղղեն ոչ միայն Փաշինյանին, այլեւ ԿԳ նախարարին ու մարզպետներին, սակայն հիմնական հարցուպատասխանն, այնուամենայնիվ, ընթացել է Փաշինյանի հետ: Ասել է թե` Փաշինյանի ներկայությունը նախարարին ու մարզպետներին փրկել է պատգամավորների հարցապնդումներից:

Ինչ վերաբերում է քննարկված հարցերին, ապա երկար զրույց է ընթացել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Փաշինյանը պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից: Նա Ալիեւին ներկայացրել է ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու իր փաստարկները, որ իրավասու է խոսել միայն ՀՀ-ի անունից, իսկ ԼՂՀ անունից կարող է բանակցել միայն այդ երկրի իշխանությունը: Այսինքն՝ Փաշինյանն ասել է այն, ինչ տարբեր առիթներով նա հայտարարել է հրապարակային: Նրանք տեղեկատվություն են փոխանակել, թե այս կամ այն փուլում ինչպես են ընթացել զարգացումները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետին հարցեր են ուղղել նաեւ Դավոսյան համաժողովից ու Գերմանիա այցից, խոսվել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների հեռանկարների մասին:

«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է նաեւ կադրային փոփոխություններից: Քանի որ հիմնական քննարկվող թեմաներից մեկն էլ այսօր ՊԵԿ-ում մեծ չափերի հասած պարգեւավճարների հարցն է, խոսվել է այդ կառույցի աշխատանքի արդյունավետության մասին: Փաշինյանն, ի դեպ, խիստ դժգոհություն է հայտնել ՊԵԿ գործունեությունից՝ հայտարարելով, որ ՊԵԿ-ում արմատական կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բացի այդ, նա խոսել է մի քանի այլ ոլորտներում եւս կադրային փոփոխություն անելու ցանկության մասին: Նա նշել է, որ պարգեւավճարների ֆոնդերը հատկապես ՊԵԿ-ում կրճատվելու են:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, որը, սակայն, ասաց, թե իրենք ներկա են եղել ոչ թե մարզպետի կարգավիճակով, այլ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: «Ժողովուրդ» օրաթերթը նիստի մասին զրուցեց պարոն Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ տարօրինակ եւ արտասովոր բան չկա: «Դա նորմալ քաղաքական գործընթաց է, երբ իշխող քաղաքական ուժի վարչությունը հանդիպում է իր ֆրակցիային: Եվ «Իմ քայլը» ֆրակցիան` որպես մեր քաղաքական ուժի պառլամենտական ներկայացուցիչ, հանդիպում է ունեցել մեզ հետ:

Այս կոնտեքստում վարչապետի հետ հանդիպումը կրել է արտաքին, ներքաղաքական զարգացումների, ընթացիկ քաղաքական իրավիճակի շուրջ հարցուպատասխանի, քննարկումների բնույթ: Սա միտված է եղել նրան, որ մեր ֆրակցիան ԱԺ-ում հստակեցումներ անի, ինչ-որ հարցերի պատասխաններ ունենա, նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված վարչապետի տեսակետները, վարչապետի ունեցած հանդիպումների մասին որոշակի ինֆորմացիա փոխանցվեց: Չգիտեմ` ինչու են սեւեռվել դրա վրա եւ անընդհատ հղում են անում փակ նիստին: Շաբաթ օրն ենք արել, որովհետեւ աշխատանքային օրերին ֆիզիկապես հնարավոր չէ հասցնել: Չկա ոչ մի գաղտնի բան: Դրա մեջ միստիկա մի՛ փնտրեք, որեւէ ստվերային բան չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը:

Հետաքրքրվեցինք` հետագայում մանրամասներ կհարապարակվեն արդյոք նիստից, պարոն Պետրոսյանն ասաց, որ հնարավոր է, ինքը դա չի բացառում:

Լուսինե Մինասյան




Լրահոս