Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանը թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել, իսկ անցած շաբաթ տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները:

Aeronautics-ը հայտարարել է, որ ընկերության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների՝ գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, գլխավոր տնօրենի տեղակալ Մեիր Ռիզմովիչի և ևս մեկ աշխատակցի արտահանման թույլտվությունները կասեցված են ապրիլից սկսած:

Ընկերությունն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների արտահանման թույլտվությունները կասեցնելու որոշման մասին:

Aeronautics-ը փետրվարի 4-ին Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ «իր «Օրբիտեր 1K Կամիկաձե» անօդաչու թռչող սարքը կենտրոնական A գնորդին վաճառելու արգելքը հանվել է»: «Պաշտպանության նախարարությունն ընկերությանը հայտնել է, որ արտահանման թույլտվությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է շարունակել անօդաչու թռչող սարքերի հնարավորինս շուտ մատակարարումը վերը նշված գնորդին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Aeronautics ընկերությունը նաև հաստատել է, որ ընկերության գլխավոր տնօրենի, փոխտնօրենի և ևս մեկ բարձրաստիճան ներկայացուցչի արտահանման թույլտվությունները կասեցված են՝ սկսած ապրիլի 3-ից: «Ժամանակավոր կասեցումը կգործի մինչև աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու որոշման ընդունումը: Երբ այդ որոշումը կայացվի, ժամանակավոր կասեցման որոշումը կվերանայվի»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:




Լրահոս