Դատական համակարգը բաժանվել է երկու մասի. ԲԴԽ անդամ չեն կարողանում գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի շուրջ խնդիրներ է ստեղծում: Բանն այն է, որ ԲԴԽ-ում չեն ուզում սպասել, որ նրա` թոշակի տարիքը լրանա եւ այդ ժամանակ միայն հեռանա դատական համակարգից: ԲԴԽ-ում ցանկանում են, որ նա ազատման դիմում գրի:

Երեք ամիս անց

Այսպիսով, 2018 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց: Արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ էին տալիս երեք դատավոր՝ Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշում Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ:

Դատավորները մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց: Եվ, ահա, դատավորի հրաժարականից հետո դատական համակարգում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ դատավորների ժողովը կրկին նիստ է հրավիրել, որ մնացած երկու դատավորներից մեկը` կա՛մ Ստեփան Միքայելյանը, կա՛մ Սուրեն Անտոնյանը, ընտրվի ԲԴԽ անդամ, սակայն նիստի ժամանակ կրկին աղմուկ է եղել, եւ դատավորները պահանջել են, որ նոր ընտրություններ անցկացնեն: Նիստը կրկին չեղյալ է հայտարարվել: 2019 թվականի սկզբներին կրկին դատավորները ժողով են հրավիրել, որ ԲԴԽ անդամ ընտրեն, որը կրկին վերածվել է խառնաշփոթի, եւ մինչ օրս դատական համակարգում կռիվը շարունակվում է, եւ ԲԴԽ անդամ չեն կարողանում ընտրել:

Ստիպում են` շուտ դիմում գրի

Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով` դատական համակարգում չեն կարողանում ԲԴԽ անդամ ընտրել, ուստի ԲԴԽ-ն է որոշել գործի անցնել: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն այս օրերին խնդիրներ է ստեղծում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի հանդեպ: ԲԴԽ-ն նրան պարբերաբար նկատողություններ է անում: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Ավանեսյանը 2020 թվականին թոշակի կանցնի, սակայն նրա շուրջ ԲԴԽ-ն պարբերաբար այնպիսի գործողություններ է իրականացնում, որ Ավանեսյանը չսպասի թոշակի տարիքը լրանալուն եւ շուտ ազատման դիմում գրի՝ դուրս գալով համակարգից:

Այսպիսով, եթե Ավանեսյանը շուտ դիմում գրի եւ դուրս գա, ԲԴԽ-ն Ավանեսյանի փոխարեն դատավոր նշանակելու թեկնածու կառաջարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանին: Եթե ԱԺ-ն հավանություն տա, որ նա դառնա Վճռաբեկի դատավոր, դրանից հետո Բեդեւյանին հեշտ ու հանգիստ կդարձնեն ԲԴԽ անդամ:

Դատավորն իր շուրջ խնդիրների մասին

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի հետ:

-Պարո՛ն Ավանեսյան, մենք տեղեկություններ ուննեք, որ ԲԴԽ-ն Ձեր գործունեության մասով անընդհատ խնդիրներ է ստեղծու, որ ազատման դիմում գրեք, դուրս գաք համակարգից:

-Առաջին անգամ եմ լսում, տեղեկություն չունեմ, առաջին անգամ եմ լսում:

-2020 թվականին Ձեր թոշակի գնալու տարիք լրանում է, սակայն մինչ այդ Ձեզ ուզում են հանել, Դուք չգիտե՞ք այդ մասին:

-Այդ հարցերը ինձ արդեն չի հետաքրքրում:

-Իսկ հնարավո՞ր է, որ շուտ ազատման դիմում գրեք:

-Այդպիսի մտադրություն չունեմ:

-Ձեր գործունեության հետ կապված ԲԴԽ-ն այս ընթացքում խնդիր չի՞ ստեղծել:

-Որ լիներ, այդ մասին Դուք կիմանայիք, նման բան չկա:

Ի դեպ, փորձեցինք տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատել նաեւ դատավոր Հովսեփ Բեդեւյանի հետ, սակայն նա երկրում չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԲԴԽ, որտեղից պարզաբանեցին, թե. «Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրությունը բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի` որպես դատավորների ինքնակառավարման մարմնի լիազորության շրջանակում է»:

Քնար Մանուկյան




Լրահոս