Աշխատավարձերի ու պարգեւատրումների վերաբերյալ մամուլի հրապարակումներից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատողների համակարգիչները «ուժեղացված վերահսկողության» տակ են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացան ՊԵԿ աշխատողները: Համենայնդեպս, ՊԵԿ աշխատողների խոսքերով` համակարգում այս ընթացքում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ:
Տեղեկացնենք, որ, ըստ հրապարակումների, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեկտեմբերին ստացել է 8 մլն 55 հազար դրամ պարգեւավճար, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը` 9 մլն 60 հազար դրամ: Սակայն ինքը` Անանյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր` նշելով. «Այդպիսի պարգեւատրումներ չկան, այդպիսի մեծ թվեր չկան, հնարավոր չէ: Առձեռն վճարված պարգեւավճարի առավելագույն չափը կազմել է 1,5 մլն դրամ»:
Այնուամենայնիվ, ՊԵԿ աշխատողների պատմելով` պարգեւատրումների վերաբերյալ հրապարակումներից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հավաքել է կոմիտեի վերադաս մարմնին եւ զգուշացրել, որ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության միջոցով բոլորի համակարգիչներից կհանվեն այն «մուտքերը», որը կատարել է աշխատակիցը եւ որը կթվա ինֆորմացիոն արտահոսքի համար դիտված ինֆորմացիա: Այսինքն՝ ստուգելու են՝ աշխատակիցները համակարգիչներից ինչ կայքեր են մուտք գործել, ում հետ նամակագրական կապ պահպանել եւ այլն:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` Մաշադյանը հրահանգել է ՊԵԿ ներքին անվտանգության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններին ֆիքսել աշխատողների` լրատվական կայքեր արած դիտումները: Վերադաս մարմնի այս հետապնդումները աշխատողների մոտ «37 թվականն է հիշեցնում»:
Բացի այս, եթե նախկինում ՊԵԿ աշխատողների համար աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկությունը բաց է եղել, ապա հիմա`պարգեւատրումների մասին բարձրաձայնելուց հետո, ընդհանրապես «դոստուպից» հանվել է: Այստեղ հարկ ենք համարում մեջբերել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերը, որոնք նա հայտարարել էր ԱԺ «Իմ քայլ» խմբակցության կողմից կանչվելուց հետո. «Մենք իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչ տարբերակով է հնարավոր հանրայնացնել այդ տեղեկատվությունը: Առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կարվեն հանրություն-պետական ծառայող կապը ավելի թափանցիկ դարձնելու համար»: Բայց ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է:
Սրան զուգահեռ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՊԵԿ աշխատողների մի մասը ողջ տարվա ընթացքում են պրեմիաներ ստացել: Իսկ ստորին օղակի աշխատողների մի մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ իրենք եւս ստորագրել են «պրեմիա» ստանալու դիմաց, սակայն այդպես էլ չեն ստացել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանին, սակայն վերջինս հորդորեց հարցերը գրավոր ուղարկել` միաժամանակ նշելով, որ տեղեկությունները հերյուրանք են եւ իրականությանը չեն համապատասխանում:
Սյունէ Համբարձումյան