Անխնա մսխել են բյուջեի միջոցները. բացահայտումներ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ուսումնասիրություններ է իրականացրել: Հայտնաբերված թերությունները, մեղմ ասած, ահռելի շատ են: Ուսումնասիրվել է ՀՀԿ իշխանության տարիներին այդ կառույցների գործունեությունը: Իսկ ՀՀԿ օրոք պետական կառույցներում անխնա թալան էր ու օրեցօր ծաղկող կոռուպցիա:

Հիմնականում ուսումնասիրվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Իսկ հաշվեքննության առարկան արտահանմանն ուղղված, արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագիրն է: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է 2013 թվականից, որի համար պետբյուջեից հատկացվել է 2 մլրդ 376 մլն 621 հազար դրամ: Բայց ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չի պահպանվել անգամ պայմանագրով նախատեսված աշխատանքների ընդունման եւ վճարման կարգը:

Այսպես, ըստ հաշվեքննիչ պալատի` Հայաստանի զարգացման հիմնադրամը աշխատանքներ չի կատարել միայն «Ուսումնական դասընթացների մշակման կազմակերպման եւ իրականացման ֆինանսավորում» միջոցառման շրջանակներում, որի նպատակով հատկացվել է 5 մլն դրամ: Սակայն դա հիմնադրամի կողմից բացատրվել է մասնավոր հատվածի կողմից հայտերի բացակայությամբ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի, այժմ արդեն «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը Արմեն Ավակյանն է` ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից:


Որպես դեբիտորական պարտք ճանաչված ավելի քան 87.8 մլն դրամ գումարը հիմնադրամը 2018 թվականի ընթացքում ծախսել է հետեւյալ կերպ. նախ` 2017 թվականի նոյեմբերի 15-18 ԱՄԷ Դուբայ քաղաքում կայացած VOD Dubai International Jewellery Show միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսին հայկական ընկերություններ չեն մասնակցել: Ի դեպ, հանձնաժողովը չի ընդունել դրա մասով հիմնադրամի կողմից կատարված 1 մլն 627 հազար դրամ ծախսը: Այն իրենից ներկայացնում է հիմնադրամի երկու աշխատակիցների գործուղման` օրապահիկ, գիշերավարձ`1 մլն 293 հազար դրամ, եւ ավիատոմսերի`333 հազար դրամ, ծախսերը:

Այս գումարը հիմնադրամը որպես գումարի վերադարձ է ճանաչել 2018 թվականի երրորդ եռամսյակում: Արդյունքում հիմնադրամին ավել վճարված գումարը կազմում է 89 մլն 475 հազար դրամ, բայց պարզվում է, որ այս գումարը հիմնադրամը ծախսել է այլ ուղղություններով:

Գործարար համաժողովների միջոցառման շրջանակներում ակնկալվում է մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն օտարերկրյա պետությունում մասնակցության համար, կատարված ծախսերի փոխհատուցում` մինչեւ 50 տոկոսի չափով, ըստ տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված հայտի: Այս աշխատանքների համար պայմանագրով նախատեսվել է ծախսել 50 մլն դրամ, սակայն պալատը պարզել է, որ այս միջոցառումների շրջանակներում հիմնադրամը կատարել է 25 մլն 898 դրամի գումարի ծախս, որն իրենից ներկայացնում է հիմնադրամի ներկայացուցիչների գործուղման` օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսերի ձեռք բերման, արտերկրում տարածքի վարձակալության, ՀՀ-ում միջոցառումների շրջանակներում տեղական կազմակերպություններին վճարներ որոշակի կազմակերպչական բնույթի ծառայությունների համար:

Բայց պարզվում է, որ այս միջոցառման շրջանակներում որեւէ մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտների չի ցուցաբերել պայմանագրով սահմանված աջակցության տեսակը, կատարված ծախսերի փոխհատուցում մինչեւ 50 տոկոսի չափով: Փոխարենը վերը նշված գումարը ծախսվել է արտերկրում եւ Երեւանում կայացած 12 միջոցառումների համար: Բացի այդ, ըստ Հիմնադրամի հաշվետվության` իրականացվել են եւս 3 միջոցառումներ Հայաստանում, որոնց շրջանակներում ծրագրի միջոցներից գումար չի ծախսվել:

Բայց մյուս կողմից` հիմնադրամի ներկայացրած հաշվետվությամբ որեւէ կերպ չի արտացոլվել 2017 թվականի հունիսի 28-ին Ցյուրիխում, օգոստոսի 21-24-ը Լոս Անջելեսում, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Լոնդոնում, դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած միջոցառումներին տեղական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ տեղեկությունը: Սակայն պալատի համար պարզ չի եղել, թե քանի տնտեսվարող սուբյեկտ է մասնակցել թվարկված 15 միջոցառումներին: Ավելին, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը պալատին պարզաբանել է, որ տնտեսվարողներին ծախսերի փոխհատուցում չի տրամադրվել նրանց կողմից համապատասխան հայտեր ներկայացված չլինելու պատճառով. մասնակցությունը հիմնականում ապահովվել է հիմնադրամի եւ պետական կառույցների ներկայացուցիչների միջոցով: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է ծրագրվել մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու համար միջոցառումը:

Հինգ միջոցառումների շրջանակներում` ընդհանուր 7 մլն 98 հազար դրամ արժեքով, տնտեսվարողներ չեն մասնակցել ընդհանրապես: Իսկ մնացած միջոցառումներին մասնակցողների ցանկում առկա են եղել ոչ մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարողներ, օրինակ`առեւտրային բանկեր, տարբեր հիմնադրամներ, համալսարան, միություններ, տուրիստական կազմակերպություններ եւ այլն:
Օրինակ, ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման եւ իրականացման ֆինանսավորում միջոցառման համար պայմանագրով նախատեսվել էր 5 մլն դրամ, որով պետք է ապահովվեր 3 դասընթացի կազմակերպում, սակայն պարզվել է, որ այս մասով աշխատանքներ չեն կատարվել:

Մյուս միջոցառման` օտարերկրյա պետությունում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի եւ հասարկական կարծիքի ձեւավորման միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար նախատեսվել էր 22.5 մլն դրամ: Նշենք, որ այս միջոցառման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը եւ տեղական առաջադրանքի առաջմղմանը առնվազն 5 միջոցառումների միջոցով, բայց կատարվել է ընդամենը 3.4 մլն դրամի վճարում տեղական մի կազմակերպության` 2019 թվականին Հայաստանում կազմակերպվելիք միջազգային տնտեսական գործարար համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար: Հիմնադրամի հաշվետվությամբ պարզ չէ այդ աշխատանքների համար իրականացրած ծախսերի աղբյուրները եւ ժամանակահատվածը: Արդյունքում պալատը անհասկանալի է համարել այս ծրագրի շրջանակներում 22.5 մլն դրամ նախատեսելը:
Մյուս` ցուցահանդեսների կազմակերպման եւ մասնակցության ապահովման միջոցառման համար ծախսվել է 272.5 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծախսված գումարի 86 տոկոսը տրամադրվել է Ռուսաստանւոմ տեղի ունեցող ցուցահանդեսներին, ընդ որում`63.9 մլն դրամը 2017 թվականի դեկտեմբերի 22-26-ին փոխանցվել է Ռուսաստանում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին կայանալիք 3 ցուցահանդեսներին: Բայց հաշվետվությունից պարզ չի դարձել, թե ընդհանուր առմամբ քանի տնտեսվարող է մասնակցել այս ցուցահանդեսներին, քանի որ որոշ ցուցահանդեսներին մասնակից տնտեսվարողները թվարկված չեն: Ըստ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության` ցուցահանդեսներին մասնակցել է 127 տնտեսվարող, որից 104-ը կնքել են արտահանման պայմանագիր: Բայց պարզվում է, որ կազմակերպություններ կան, որոնք մեկից ավելի անգամ են մասնակցել միջոցառումներին: Բացի այդ, նախարարությունը հիմնադրամում մոնիթորինգ չի իրականացրել, դրա փոխարեն նախարարությունը հիմնվել է հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների վրա, որոնք ոչ ամբողջական են ծրագրի արդյունքների գնահատման համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս