«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Սերգեյ Դանիելյանի հետ զրուցել է հայաստանյան ներքաղաքական կյանքի, հետհեղափոխական իրավիճակի, սպասելիքների արդարացման եւ այլ թեմաների շուրջ: Պարոն Դանիելյանը նշել է, որ իր ակնկալիքների արդարացման համար այսօր շատ նախադրյալներ արդեն իսկ առկա են: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ներկայիս իշխանությունը փիար տեխնոլոգիաների կիրառման հարցում թույլ է եւ սեփական գործունեության փիարը կառուցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բռնել-բաց թողնելու թեմայի շուրջ միայն:
-Պարո՛ն Դանիելյան, թավշյա հեղափոխության օրերին բավական ակտիվ էիք, կանգնած էիք հեղափոխության կողքին, միեւնույն ժամանակ աչքի էինք ընկնում Ձեր սուր քննադատություններով: Ամիսներ անց այս իշխանությունից Ձեր սպասելիքները գոնե մասամբ արդարացե՞լ են:
-Գիտե՞ք` ես ամեն օր չեմ մտածում, թե այս կառավարությունն ինչ է արել կամ ինչ չի արել: Ինչպես ապրել եմ նախկինում, այնպես էլ ապրում եմ հիմա: Ոչ մի արտառոց փոփոխություն չի գրանցվել: Տեսնում եմ, որ ներկայիս կառավարության անդամների աշխատանքում կան դրական նախադրյալներ, օրինակ` Արսեն Թորոսյանը վատ չի աշխատում: Ես կողմ չեմ դանակն առնելուն եւ իշխանությունների հետեւից ընկնելուն: Կարեւորը, որ այս իշխանության անդամները գող չեն, ավազակ չեն, համենայն դեպս, դեռ չենք հասցրել նման բան նկատել:
-Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը բուռն կերպով քննարկվեց հայ հանրության շրջանում: Տեսակետ հնչեց այն մասին, որ, ինչպես նախորդ իշխանությունը, այս իշխանությունը եւս արհեստական կերպով օրակարգ է բերում նմանատիպ թեմաներ, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից: Ըստ Ձեզ` այդպե՞ս է: Իսկ, առհասարակ, կո՞ղմ եք օրհներգի փոփոխությանը:
– Այնպես չէ, որ կառավարությունը կաթվածահար նստած օրհներգն է փոխում: Իսկ, ընդհանրապես, օրհներգի փոփոխմանը դեմ չեմ, պարզապես կան առաջնային եւ երկրորդական խնդիրներ: Օրինակ` ինձ համար առաջնային է երկրի անվտանգության ապահովման խնդիրը, բանակում կրիմինալի դեմն առնելու անհրաժեշտությունը. կցանկանայի այդ «բոսյակությունը» վերանար:
-Այս օրերին հակաիշխանական քարոզչությունը բավական ակտիվացել է: Ի՞նչ եք կարծում, կոնկրետ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ներկայիս իշխանության դեմոկրատ լինելու արդյունքն է, այն բանի, որ առանձնապես բանի տեղ չեն դնում` ինչ են իրենց մասին ասում, ինչ են գրում: Եվ հետո՝ ներկայիս իշխանությունը փիար տեխնոլոգիաների կիրառման հարցում թույլ է եւ սեփական գործունեության փիարը կառուցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բռնել-բաց թողնելու թեմայի շուրջ միայն: Ժամանակն է լրջանալու:
-Ֆեյքերի ակտիվ պայքարը եւս նկատելի է…
-Դրանք մեծ մասամբ նախորդ իշխանության «աբիժնիկներն են»: Ինչպես նախկինում, այսօր էլ մենք կառուցողական ընդդիմություն չունենք:
-ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը չե՞ն կարող կառուցողական ընդդիմություն լինել:
-Չգիտեմ` իրենք ընդդիմություն են, թե ոչ. ընդդիմությունը ես եմ (ծիծաղում է):
-Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում ստեղծվե՞լ է բարենպաստ միջավայր խոշոր ներդրողների համար:
– Թե չէ նախորդների օրոք ի՞նչ ներդրումներ էին լինում, Մոսկվայից էր փողը գալիս, իրենց խուժաններն էին ուղարկում, այդպես չէ՞ր: Իսկ, առհասարակ, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարող են շատ խոշոր ներդրումներ արվել. չմոռանանք, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Բացի այդ` հանրապետականները հեռանալուց առաջ իրենց գործն արել են ու, օրինակ, փակել են մեր օդերը Մոսկվայից: Այնպես որ, ամեն ինչ գցել կառավարության վրա, դա էլ ճիշտ չէ. պետք է հաշվի նստել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների հետ: Սպասենք, տեսնենք` ինչ կլինի:
Անի Անտոնյան