Կանանց ծաղրելու ոչ մի միտում չեմ ունեցել, ցավում եմ, որ ոմանց խելքն այդքան է կտրում. Աննա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս երգչուհի Աննա Խաչատրյանը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր երգի՝ «Գրող ու սեւ ցավ»-ի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Այնտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Մաշա Մատվեեւան՝ «Women՚s club»-ի դեմքերից մեկը: Թողարկումից հետո եղան ե՛ւ դրական արձագանքներ առ այն, որ ստացվել է հումորով եւ զվարճալի տեսահոլովակ, ե՛ւ միաժամանակ եղան քննադատություններ:

Ներկայացնում ենք դրանցից մեկը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը. «Աննա Խաչատրյանի նմանը «Գրող ու սեւ ցավ» անունով երգ ա երգում։ Էն Մաշային էլ վերցրել են տեսահոլովակի գլխավոր «չաղ» դեմք ու տժում են։ Էդ ա ձեր ճաշակը, մտքի թռիչքը։ Բա կինը թույլ կտա՞, որ իրեն էդքան եթերով ծաղրեն։ Տեղից էլ ամեն շաբաթ «Շանթ»-ի եթերով զբաղված են Մաշայի ու մյուսների բարեմասնությունները ծաղրելով։ Լավ, կարելի՞ է էս աստիճան բութ լինել»:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Աննա Խաչատրյանից: Նա նախ զարմացավ, թե ինչու է իր հոլովակը նման կերպ ընկալվել որոշ մարդկանց կողմից. «Իրականում տեսահոլովակը նկարահանել եմ բոլորովին այլ՝ հակառակ տրամադրվածությամբ, կանանց ծաղրելու ոչ մի միտում չեմ ունեցել, դրա նշույլն անգամ չկա այնտեղ: Ցավում եմ, որ ոմանց խելքն այդքան է կտրում…Ես հակառակ իմաստն եմ դրել, այն է՝ հարգելի՛ տղամարդիկ, մի՛ փոխվեք կանանց հետ ձեր դերերով: Եվ այդ ամենը մատուցել ենք հումորի միջոցով, ի՞նչ ծաղրի մասին է խոսքը»,-նշեց Աննան:

Իսկ հարցին, թե ինչպես է ստացվել, որ տեսահոլովակի հերոսուհի է ընտրվել հենց Մաշան, երգչուհին պատասխանեց. «Որովհետեւ նա իմ լավ ընկերն է: Այդքան բան: Եվ, կարծում եմ, Մաշան շատ լավ է խաղացել իր դերը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս