ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարար Սուրեն Պապիկյանը արձանագրել է, որ ամենաբազմազան խնդիրների համակարգման և կազմակերպված լուծման համար պետական մարմինների միջև հետզհետե խորացող համագործակցությունը էականորեն բարձրացրել է հատվող հիմնահարցերի կարգավորման օպերատիվությունն ու արդյունավետությունը։
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մարզպետներին խնդրել է փախստականների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նույնականացնել մարզերում գտնվող այն շենքերն ու շինությունները, որոնց վերանորոգման դեպքում դրանք հնարավոր կլինի ծառայեցնել որպես բնակարանային ֆոնդ։
Ըստ ծառայության պետի` նմանօրինակ շինությունների վերանորոգման աշխատանքներին պատրաստ են աջակցել նաև միջազգային գործընկերները։ Արմեն Ղազարյանը նաև առաջարկել է զուգահեռ դիտարկել Երևանին մոտ գտնվող մարզերում սոցիալական բնակարանաշինության մոդելի կիրառումը, որն իր համալիր ամբողջության մեջ կնպաստի փախստականների տեղական ինտեգրացիային։
Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է սուբվենցիաների տրամադրման նորացված կարգի ներկայացման նպատակով առաջիկայում նախատեսվող համաժողովի մասին, որտեղ համայնքների ղեկավարներին և տնտեսական պատասխանատուներին մանրամասն կներկայացվի սուբվենցիաների հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման ընթացակարգը։
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, հստակեցնել շաբաթօրյակի սխեմաները, առավել մեծ ծավալով ապահովել ճանապարհաշինարարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները։ Միջոցառման հանրայնացման և քաղաքացիներին մոտիվացնելու նպատակով նախարարը մարզպետներին ու համայնքների ղեկավարներին առաջարկել է քայլել միջհամայնքային ճանապարհներով, ակտիվ մասնակցել շաբաթօրյակի աշխատանքներին` օրինակ հանդիսանալով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքագծի ձևավորման գործում։