«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին ըստ էության հայտարարել է այսպես ասած՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Բաբայանը հայտարարել է, որ մարտին ստորագրահավաք է սկսելու Արցախում թեկնածու առաջադրվելու համար: Այդ հայտարարությանը զուգահեռ, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն է արել՝ խոսելով այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի թեմային եւ հստակ ասել նրա մասին իր կարծիքը: Թե հատկապես ինչպիսին է այդ կարծիքը, Բաբայանը չի նշել, սակայն ասել է, որ Փաշինյանը դա հստակ գիտե դեռեւս 2016 թվականից:
Ասել կուզի, Բաբայանը ակնարկել է վարչապետին, որ իր կարծիքը չի փոխվել եւ այն, ինչ ասել է 2016-ին, կրկնում է նաեւ հիմա: Արդյո՞ք դրանով Սամվել Բաբայանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
Բանն այն է, որ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դիտարկվում էր քոչարյանական թեւի ներկայացուցիչ: Մյուս կողմից հնարավոր է, որ Բաբայանը Նիկոլ Փաշինյանին այլ բան է ակնարկում, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակ էր 2016 թվականի հուլիսը: 2016-ի հուլիսին Հայաստանը, այսպես ասած, կաթվածահար էր եղել ՊՊԾ գնդի գրավումից, այն էլ Ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց, երբ հատկանշական զարգացումներ էին նաեւ արցախյան գործընթացում՝ Վիեննայի օրակարգով:
Հետագայում, ի դեպ, այդ օրակարգը աստիճանաբար չեզոքացվեց, ու հարց է, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ հարցում հուլիսյան իրավիճակը: Հայտնի է նաեւ, թե հուլիսին ինչպիսի դերակատարում էր փորձում ստանձնել Նիկոլ Փաշինյանը, արժանանալով «Սասնա ծռերի» եւ նրանց համակիրների սուր քննադատությանն այն բանի համար, որ առաջարկում էր բաց ձեռքերի պայքար: Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր այդ պայքարը՝ Հայաստանում առաջնորդելով թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Բաբայանն ազատ արձակվեց՝ 2017-ի ընտրություններից առաջ ձերբակալվելուց հետո, որ տեղի էր ունեցել հայտնի «Իգլայի» գործով:
Հատկանշական է, որ ազատ արձակվելուց հետո Արցախ մեկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբայանն ասել էր, որ այդ առումով կանի այն, ինչ կասի Հայաստանի նոր իշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունն է Բաբայանին ասել Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, թե՞ Բաբայանը ակնկալում էր, որ նոր իշխանությունը կդիտարկի նրա որեւէ դերակատարում, սակայն տեսնելով, որ այդպիսի դիտարկում չկա, նա ինքն է որոշում մտնել խաղի մեջ եւ հիշեցնել իր մասին: Թե Բաբայանը խաղի մի նոր ուղղություն է նախկին իշխող համակարգի մարտավարության մեջ, հաշվի առնելով այն, որ Բաբայանը, ի վերջո, այդ համակարգի ներկայացուցիչ է:
Բոլոր դեպքերում, Արցախի պաշտպանության նախկին նախարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը նոր շերտ է բացում ներքաղաքական իրողություններում, որն անկասկած կունենա նաեւ իր որոշակի շղթայական ազդեցությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Խոշոր հաշվով պետք չէ բացառել եւ այն, որ այդ միջոցով կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր, որոնք ներկայումս թաքցվում են խնամքով՝ ավելի լավ ժամանակների համար»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում