Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է հրաժարական տալու մասին: Սիրանուշ Սահակյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը հրապարակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:
«2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, որ կարճ ժամկետում (չորս տարի) և սահմանափակ ռեսուրսների պայմաններում հաջողության հասնելու գրավական կարող էին լինել միայն պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, անսահման աշխատասիրությունն ու թիմային աշխատանքը:
2017-2018 թվականների լայնածավալ օրենսդրական բարեփոխումներից հետո կոռուպցիայի կանխարգելման ուժեղ և ամբողջացված համակարգն իրականություն դարձավ: Կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես դրա դեմ պայքարի հիմնական ուղղություն, դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու գործիքակազմով: Նոր օրենսդրական լուծումները պատշաճ նախադրյալներ ստեղծեցին պաշտոնատար անձանց ֆինանսական թափանցիկության, հայտարարագրերի վերլուծությունների միջոցով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, շահերի բախման դեպքերի կառավարման և կանխարգելման համար:
Այս հետևողական ջանքերը ոչ միայն արժանացան միջազգային մասնագիտացված կառույցների բարձր գնահատականներին, այլև համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված հավակնոտ առաջարկների հիմք հանդիսացան:
Սակայն, բարեփոխումների շարունակականության հեռանկարը պահանջում էր նաև սեղմ ժամկետներում հետագա քայլերի ձեռնարկում՝ սահմանադրական կարգավորումներին համահունչ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում, պաշտոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողական մեխանիզմների գործարկում, ապօրինի հարստացումը բացահայտող տվյալներով նոր հայտարարագրերի հավաքում և վերլուծություն, ինչպես նաև ուժեղացված համագործակցություն իրավապահ մարմինների հետ: Օրենքի ուժով Հանձնաժողովի երկարաձգված լիազորություններն էլ առավելապես պետք է ապահովեին ինստիտուցիոնալ համակարգի սահուն փոխակերպումը:
Մինչդեռ անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չստացան.
չձևավորվեց օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չկազմակերպվեց և չանցկացվեց այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ:
2019 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց հայտարարագրի բովանդակությունը: Ըստ այդմ, ուժը կորցրեցին հայտարարագրերին առնչվող օրենսդրական նախկին կարգավորումները: Կառավարության կողմից չհաստատվեց հայտարարագրի նոր ձևանմուշը, քանի որ այն պետք է առաջարկվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Բացի այդ, 2019 թվականի հունվարի 1-ից հայտարարագրերը ենթակա են ներկայացման ոչ թե Էթիկայի հանձնաժողովին, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ այսինքն՝ դեռևս գոյություն չունեցող մարմնին: Չնայած շահագրգիռ միջազգային գործընկերների հետ ունեցած պայմանավորվածություններին՝ մինչ օրս էլեկտրոնային հայտարարագրման համակարգը տեխնիկապես համապատասխանեցված չէ օրենսդրական նոր կարգավորումներին:
Թեև սահմանադրական և օրենսդրական մակարդակում տևական ժամանակ ուժի մեջ են մտել մի շարք հանրային պաշտոնյաների (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ և այլն) անհամատեղելիության պահանջները, սակայն նոր մարմին չձևավորելու պատճառով չեն կիրառվում դրանց պահպանումը վերահսկող օրենքով նախատեսված կառուցակարգերը:
Անտեսված են մնացել նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների հայտնած մտահոգությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հանձնաժողովի ձեռնարկած քայլերը:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին և անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ: Ուստի, այսօրվանից դադարեցնում եմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնավարումս:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տեղական և միջազգային գործընկերներիս, ովքեր իրենց աջակցությամբ, հոգատարությամբ և թիմային աշխատանքով նպաստել են Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման համակարգի կայացմանը, կիսել են պատասխանատվության ծանր բեռը և իրենց ներդրած ջանքերով մասնակից դարձել արձանագրված հաջողություններին:
Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ առաջնորդվել իմ կարգախոսով՝ «հավատարիմ մնալ գաղափարներին՝ անկախ կարգավիճակից»»,- ասված է Սիրանուշ Սահակյանի հայտարարության մեջ: