Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին եւ ընտանիքին:
«Համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցավակցություններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին եւ ողջ եզդի ժողովրդին:
Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել ձեր հորը` Թահսին Բեգին, ում հետ ջերմ հանդիպում եւ զրույց ունեցանք:
Նա շատ արժանավոր անձ էր եւ ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների եւ նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում եւ մեր երկիրը նկատում իբրեւ իրենց երկրորդ տունը», – ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալը խաղաղության մեջ հանգչեցնի հանգուցյալ Թահսին Բեգի հոգին: