ՖՈՏՈ. Գեներալ Ֆրանկոյից մինչև մեր օրեր. այսօր Սուպերկլասիկո է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբները, 8-րդ դարում գրավելով Պիրինենյան թերակղզին, այնտեղ բնակվեցին մինչև 15-րդ դարը, երբ Իսպանիան կարողացավ վերջնականապես դուրս գալ նրանց լծի տակից: Սակայն ավելի վաղ` 10-րդ դարում, արաբների տիրապետությունից կարողացել էր դուրս պրծնել Կատալոնիան և դարերի ընթացքում ձեւավորել սեփակական սովորություններն ու սովորույթները: Կատալոնիան առանձին երկիր էր եւ շատ բաներով նույնիսկ գերազանցում էր Իսպանիային, սակայն ճակատագրի բերումով  դարեր ի վեր համարվում է Իսպանիայի մի մասնիկը: Կատալոնացիներն ատում են Իսպանիան, տանել չեն կարողանում Մադրդիը եւ մինչ օրս էլ ցանկանում են անկախանալ, բայց Իսպանիայի թագավորությունը դա պատկերացնել անգամ չի ցանկանում…

Կատալոնների եւ իսպանացիների` դարերի խորքից եկող թշնամությունը տարածվել է բոլոր ոլորտներում, իսկ ամենաթեժ պայքարներից մեկն ընթանում է ֆուտբոլում`«Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» դիմակայության տեսքով:

Այս ֆուտբոլային գերդիմակայությունը, որը չի սահմանափակվում միայն խաղադաշտում, համարվում է Իսպանական ֆուտբոլի Սուպերկլասիկոն. խաղ, որին սպասում են բոլորը, որը համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթեժ եւ «արյունոտ» դիմակայությունը:

Շուտով աշխարհը կբաժանվի երկու բանակների`«Կապտանռնագույնների» և «Սերուցքայինների»: Մինչ հանդիպման մեկնարկը ArmLur.am-ն առաջարկում է ծանոթանալ այս դիմակայության մասին մի շարք վիճակագրական տվյալների, թիմերի հայտացուցակներին, հավանական մեկնարկային կազմերին և կորուստներին:

«ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ. վիճակագրություն

Այս երկու գրանդները միմյանց հանդիպել են 238 անգամ, որոնցից 95-ում հաղթել են մադրիդցիները, 93-ում`  «կապտանռնագույնները», 50 դեպքերում էլ գրանցվել է ոչ ոքի արդյունքը:

Միմյանց դեմ ամենախոշոր հաշվով հաղթանակ`8-2 օգուտ «Ռեալի»(1935).

«Բարսելոնայի» ամենախոշոր առավելությամբ հաղթանակ`7-2(1950)

Ամենագոլառատ ոչ ոքի`5-5 (1943)

Վերջին 5 խաղերը միմյանց դեմ` 2 հաղթանակ «Ռեալ», 2 հաղթանակ «Բարսա», 1 ոչ ոքի:

Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն հանդիսանում է Լեո Մեսսին` խփած 26 գնդակով, երկրորդ հորիզոնականը կիսում են Կրիշտիանու Ռոնալդուն և Ալֆրեդո Դի Ստեֆանոն` 18-ական գոլերով:

Մինչ կիսաեզրափակիչ անցած ուղին`«Բարսելոնա»- 1/16 եզրափակիչ. «Լեոնեսա» ընդհանուր հաշվով առավելություն`5-1:
1/8 եզրափակիչ. «Լեւանտե»`4-2:
1/4 եզրափակիչ. «Սեւիլիա»`6-3:

«Ռեալ Մադրիդ»- 1/16 եզրափակիչ. «Մելիլիա» ընդհանուր հաշվով առավելություն`10-1:
1/8 եզրափակիչ. «Լեգանես»`3-1:
1/4 եզրափակիչ. «Ժիրոնա»`7-3:

«Առեղծվածային» «11-1»-ի ամենաիրական վարկածը

Շատերը Կլասիկոների պատմության ամենախոշոր հաշիվը համարում են 1943 թվականին կայացած խաղը, որտեղ «Ռեալը» հաղթել էր 11-1 հաշվով:

Այդ ժամանակ Իսպանիայի գլխին կանգնած էր գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն, ով ատում էր Կատալոնիան, կատալոնական լեզուն (նման է ֆրանսերենին), կատալոնական մշակույթը եւ, իհարկե, կատալոնական ֆուտբոլը:

Խաղից առաջ Ֆրանկոյի անձնակազմը, մտնելով հանդերձարան, զենքերով սպառնացել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին եւ ստիպել տանուլ տալ խաղը: Արդյունքում խաղն ավարտվել է 11-1 հաշվով` ի օգուտ մադրիդցիների:

Սա համարվում է սկանդալային խաղի ամենաիրական վարկածը, բայց ո՞վ գիտե իրականությունը, միգուցե ա՞յլ տեղ է թաքնված: Ամեն դեպքում «11-1»-ը միմյանց դեմ խաղերի պաշտոնական վիճակագրության մեջ չի ընդգրկվում:

Պայքար` Ալֆրեդո Դի Ստոֆանոյին գնելու համար

Երեք հավաքական «մաշած» (Արգենտինա, Կոլումբիա, Իսպանիա), ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրող «Շիկահեր աղեղը» համարվում էր 1950-ականների լավագույններից մեկը: Ալֆրեդո Դի Ստոֆանոյին ցանկանում էին իրենց թիմում տեսնել բոլորը, այդ թվում`«Ռեալը» և «Բարսելոնան»:

Այստեղ կտրուկ սրվեցին երկուսի հարաբերությունները, սկսվեց իսկական պայքար, պատերազմ Ալֆրեդոյի համար, արդյունքում նա ընտրեց «Արքայական» ակումբը և 1953-ին տեղափոխվելով «Ռեալ»` սկսեց կերտել «դի ստեֆանոյական» ժամանակաշրջանը, իսկ կատալոնական ակումբի համար ամենասարսափելին և ցավալին այն էր, որ Ալֆրեդոն նրանց դեմ հենց առաջին խաղում դուբլ ձևակերպեց:
Նա հանդիսանում է Կլասիկոների պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (18 գոլ):

«Խոզի Գլուխ» անվանում ստացած Էլ Կլասիկոն

Պատմության մեջ այս երկու թիմերից հակառակ ճամբարներ տեղափոխված ֆուտբոլիստներ շատ են եղել, սակայն 2000 թվականին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը Կատալոնիայից Իսպանիայի մայրաքաղաք ամենաքննարկվողը և ամենասկանդալայինն է:

Լուիշ Ֆիգուն իր առաջին Կլասիկոյում երկրպագուների կողմից արժանացավ «ջերմ ընդունելության»: Այդ խաղի ժամանակ երկրպագուները նրան անդադար վիրավորում էին և նույնիսկ խաղադաշտ նետեցին խոզի գլուխ` Ֆիգույի արարքը համարելով աններելի դավաճանություն:

Նշյալ խաղը պատմության մեջ մտավ «Խոզի Գլուխ» անվանումով, իսկ Ֆիգուն` դավաճանների դավաճան: Մինչ օրս էլ կատալոնները և, իհարկե, «Բարսելոնայի» երկրպագուները չեն կարողանում ներել պորտուգալացուն:

Մարզիչների նախախաղյան ասուլիսներ

Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա»)`«Ռեալը» սովորաբար ուժեղ է խաղում «Կամպ Նոու» ստադիոնում: Լա Լիգայի շրջանակում մենք ավելի լավ տեսք ունեինք, քանի որ մրցակիցը գտնվում էր էմոցիոնալ ծանր վիճակում: Հիմա մենք «Ռեալի» կատարելագործված տարբերակի հետ ենք խաղալու»:

Սանտիագո Սոլարի(«Ռեալ Մադրիդ»)`«Ռեալը» միշտ ֆավորիտ է: Մրցակցի նկատմամբ ունեցած մեծ հարգանքով հանդերձ՝ մենք ցանկանում ենք հաղթել: Պայքարելու ենք մինչև վերջ: «Ռեալը» երբեք չի հանձնվում»:

Հայտացուցակներ, հավանական մեկնարկային կազմեր. կորուստներ

«Բլաուգրանայի» հայտացուցակը`

Դարպասապահներ․ Տեր Շտեգեն, Ինյակի Պենյա,

Պաշտպաններ․ Սեմեդու, Պիկե, Լանգլե, Մուրիլյո, Ալբա, Ռոբերտո, Վերմալեն,

Կիսապաշտպաններ․ Ռակիտիչ, Բուսկետս, Կոուտինյո, Արթուր, Ալենյա, Վիդալ,

Հարձակվողներ․ Սուարես, Մեսի, Մալքոմ, Բոատենգ։

Հավանական մեկնարկային կազմ`

Տեր Շտեգեն, Ալբա, Պիկե, Լանգլե, Ռոբերտո, Բուակետս, Ռակիտիչ, Արտուր, Կուտինյո, Սուարեզ, Մեսսի (Բոատենգ):

Գլխավոր մարզիչ` Էռնեստո Վալվերդե

Սիլեսենը, Ումտիտին Ռաֆինյան եւ Դեմբելեն չեն մասնակցի խաղին, իսկ ահա թիմի առաջատար Լեո Մեսսիի մասնակցությունը չնայած նրա հայտացուցակում հայտնվելուն դեռեւս պարզ չէ:

«Մադրիդի» հայտացուցակը`

Դարպասապահներ` Նավաս, Կուրտուա, Ալտուբե.
Պաշտպաններ` Կարվախալ, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Ռեգուլիոն.
Կիսապաշտպաններ` Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Լյորենտե, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս.
Հարձակվողներ` Մարիանո, Բենզեմա, Բեյլ, Վասկես, Վինիցիուս:

Հավանական մեկնարկային կազմ` Նավաս, Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Բեյլ, Վինիսիուս, Բենզեմա:

Գլխավոր մարզիչ`Սանտիագո Սոլարի

Վնասվածք ունի Խեսուս Վալյեխոն:

Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Մատեո Անտոնիո Լաոսը:

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով `00:00-ին:

Կատալոնիայի «Կամպ Նոու» մարզադաշտում այսօր օդը կանգ է առնելու 90 րոպեով. այսօր Սուպերկլասիկո է`աշխարհի ամենադիտարժան, ամենաթեժ և ամենաէմոցիոնալ դիմակայությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս