Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաջորդ ընտրություններին իշխանության գալու. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Պարո՛ն Սաղաթելյան, «Դաշնակցությունում» սերնդափոխության հարցը իսկապես լրջորեն ծառացե՞լ էր։

-Ծառանալու խնդիր չկա։ «Դաշնակցության» մեջ մշտապես եղել է սերնդափոխություն եւ շարունակվում է։ Սերնդափոխության հատուկ օրակարգ չի եղել, որովհետեւ դա մեզ մոտ բնական պրոցես է, ոչ թե արհեստական։ Բացի այդ, օրինակ. նախկին ներկայացուցիչը` Արսեն Համբարձումյանն էլ էր երիտասարդ։

-«Դաշնակցությունը» չանցավ խորհրդարան։ Եվ շատ է խոսվում այն մասին, որ սա էր գլխավոր շարժառիթը, որ փոխվեց կազմը։ Այդպես է՞։

-Եթե սերնդափոխության մասին է խոսքը, կարող եմ ասել, որ դա մեզ մոտ սկսել է շատ ավելի շուտ` դեռեւս 2016 թվականին, երբ մեր պաշտոնյաները նշանակվեցին մեր երիտասարդ ընկերները։ Արդեն 2 տարի է` մենք այս ընթացքի մեջ էինք, եւ քայլերով գնում ենք առաջ։

-Ի՞նչ փոփոխություններ են լինելու ձեզ մոտ, թե՞ շարունակվելու է «Դաշնակցության» նախկին գործելաոճը։

-«Դաշնակցությունը» շարունակելու է իր քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Ընդհանուր ժողովի հայտարարությունը եղել է։ Մենք մեր գծի մեջ ենք լինելու, իսկ որոշ մարտավարական քայլեր նոր իրավիճակում` հիմա իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն, բնականաբար, մեր գործողություններում նոր թարմություն եւ փոփոխություններ կլինեն, բայց գիծը մեր նույնն է։ Առաջիկայում ավելի պարզ կդառնա դա։

-Դուք` որպես արտախորհրդարանական ընդդիմություն, կարո՞ղ եք հակակշռել իշխանություններին։

-Իհարկե կարող ենք։ Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո։ Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար։ Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։ Այն ոլորտներում, որտեղ կանենք քննադատություններ, կներկայացնենք նաեւ այլընտրանքային առաջատարներ։ Այսինքն` ցույց կտանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Մենք կառավարության ողջ աշխատանքը պահելու ենք մեր հսկողության տակ, հանդես ենք գալու համապատասխան քննդատությունեերով, ինչը պետք է անի յուրաքանչյուր նորմալ, սկզբունքային ընդդիմադիր ուժ։

-Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ։ Հիմա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք։

-Երկրի արտաքին քաղաքական հարցերում, այն տեղերում, որտեղ պահանջում է մեր երկրի, պետության շահը, մենք համագործակցության խնդիր չունենք։

-Իսկ այն, որ պետք է 5 տարի հետո տուն ուղարկել այս իշխանությանը եւ գալ իշխանության, մնո՞ւմ է հաստատուն։

-Իհարկե այդպես է։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաջորդ ընտրություններին իշխանության գալու։

-Պարոն Հրանտ Մարգարյանը հիմա խառնվո՞ւմ է «Դաշնակցության» գործերին։ Ի՞նչ դեր ունի։

-Հրանտ Մարգարյանը մեծ ավանդ ունի «Դաշնակցության» մեջ։ Վերջին 20 տարվա մեջ կուսակցությունում լուրջ դերակատարություն է ունեցել, եւ իր փորձառությունն ու գիտելիքները մեզ մշտապես օգտակար են լինելու։ Ինքը իր կամքով ընդգրկված չէ որեւէ ղեկավար մարմնում, շարունակում է իր բնականոն առօրյա աշխատանքը։

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս