Ոչ հաճելի բառապաշարն ու Դավիթ Տոնոյանի սեղանին դրված ձայնագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության կողմից «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում արված բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, եւ նրա փոխարեն պաշտոնում մեկ այլ աղմկալի նշանակում է կատարվել:

ԱԱԾ-ն հայտարարեց

2019թ. հունվարի 21-ին Ազգային անվտնագության ծառայությունը հաղորդագրություն տարածեց. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված եւ տեւական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն` ՀՀ մի շարք քաղաքացիներ առեւտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաեւ այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր եւ այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետեւ մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ` բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան` չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով եւ ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել: Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տեւական եւ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը: Նախնական տվյալների համաձայն` բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին եւ բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են: Միջոցներ են ձեռնարկվում նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաեւ հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ»:

Ու մինչ ԱԱԾ-ն այս գործով քննություն է տանում, մեզ հայտնի դարձավ, որ աղմկահարույց այս բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսայինի բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը ազատման դիմում է գրել եւ դուրս եկել ղեկավարի պաշտոնից: Միգուցե նա այս քայլին դիմում է` հաշվի առնելով, որ իր ենթակաները կաշառքի գործի մեջ են ներգրավված եղել եւ նրա թիկունքում են գործել: Կամ միգուցե նրան ստիպել են ազատման դիմում գրել: Քննությունը ցույց կտա, թե ով է կանգնած եղել տեսուչների կոռուպցիոն գործարքների հետեւում:

Սակայն այս պաշտոնին մեկ այլ անձի նշանակումը լուրջ խոսակցությունների առիթ է տվել:

Գրի՛ հեռացի

Տպավորությունն այնպիսին է, որ Արտյոմ Հարությունյանի ազատումից հետո այս պաշտոնին պետք է նշանակվեր այնպիսի անձ, որի գործունեության հետ կապված որեւէ աղմկահարույց դեպք չպետք է կապված լիներ, սակայն ՊԵԿ-ում ավանդույթ է դարձել աղմկահարույց պատմություններով հայտնի պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակելը:

Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արտյոմ Հարությունյանի ազատումից հետո այդ պաշտոնին է նշանակվել Արման Ցոլակյանը: Վերջինս պատահական մարդ չէ: Դեռեւս 2014 թվականի հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արման Երիցյանը հրաման էր ստորագրել, ըստ որի` փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանն ազատվել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետի պաշտոնից եւ նախարարի մեկ այլ հրամանով` նշանակվել էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Սակայն 2017 թվականի փետրվարի 6-ին, երբ Դավիթ Տոնոյանը նշանակվեց ԱԻՆ նախարար, Արման Ցոլակյանի գործունեության մասով աղմկալի բացահայտում արեց: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Արման Ցոլակյանն իր աշխատակիցների հետ բավականին վատ է վարվել եւ ոչ հաճելի բառապաշար օգտագործել: Անելանելի վիճակում հայտնված աշխատակիցները, այլ ելք չունենալով, ձայնագրել են Արման Ցոլակյանին: Եվ ինչպես կանխատեսելի էր, ձայնագրությունը հայտնվում է Դավիթ Տոնոյանի աշխատասենյակի սեղանին: Արդյունքում, Դավիթ Տոնոյանը Արման Ցոլակյանին հրահանգել է ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում գրել: Նա այդպես էլ վարվել է:

Եւ, ահա, ԱԻՆ նախկին պաշտոնյան նոր պաշտոնի է նշանակվել: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արման Ցոլակյանի հետ:

-Պարո՛ն Ցոլակյան, Արտյոմ Հարությունյանի ազատման դիմումից հետո Դուք եք նշանակվել Բագրատաշենի մաքսայինի բաժնի ղեկավար:

-Այո, ես հիմա ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել:

-Դուք նախկինում ԱԻՆ-ում եք աշխատել եւ Ձեզ ազատել է Դավիթ Տոնոյանը, քանի որ Դուք Ձեր աշխատակիցների հետ ոչ հաճելի բառապաշարով եք խոսել: Աշխատակիցները ղեկավարներին են տեղյակ պահել, եղել է ձայնագրություն, որից հետո Ձեզ ազատել են: Ձեզ ո՞ր արժանիքի համար նոր պաշտոն տվեցին:

-Արժանիքների մասին Դուք ղեկավարությանը կարող եք հարցնել, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից իմ դիմումի համաձայն եմ ազատվել:

-Այսինքն` աշխատողների հետ ոչ այնքան հաճելի բառապաշարով խոսե՞լը չի եղել պատճառը, որ դուրս եք եկել ԱԻՆ-ից:

-Ոչ, նման բան չի եղել, ես չեմ լսել նման ձայնագրություն:

-Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը, որ Դավիթ Տոնոյանի հետ չկարողացաք աշխատել:

-Չէ, չէ, ուղղակի այդպես ճիշտ համարեցի եւ դիմում գրեցի իմ կամքով:

-Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հետո կկարողանա՞ք աշխատել որպես ՊԵԿ մաքսային պետ, նորմա՞լ եք համարում անցումը:

-Նախ ես երկար տարիներ ոստիկանությունում եմ աշխատել, ԱԻՆ ոստիկանությունից եմ տեղափոխվել, այնպես չէ, որ ես ԱԻՆ-ի կադր եմ եղել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս