Բոլոր մարզերում, բացի մեկից, բնակչությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել: Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972.7 հազար էր: Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից (բացի Արմավիրից) բնակիչների թվաքանակը պակասել է: Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել` 2500-ով: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Փաստորեն այս երեւույթը շարունակվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք:

Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2800-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2800 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Ըստ որոշ մասնագետների` պատճառը Ալավերդու պղնձաձուլական գորածարանի եւ Թեղուտի հանքավայրի փակումն է, ինչի հետեւանքով մոտ 2000 բնակիչ գործազուրկ մնաց: Պարզվում է` այս ամենին կառավարությունը միայն լուռ հետեւում է, իսկ մարզերը համաչափ զարգացնելու մասին ավելորդ է խոսել: Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում, փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:




Լրահոս