Ուշագրավ շեշտադրումներ կառավարության ծրագրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի նախագիծը: Միաժամանակ, կառավարությունը երեկ որոշեց մինչեւ փետրվարի 8-ը ծրագրի վրա որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել ու միայն դրանից հետո ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով 71 էջանոց այս փաստաթուղթը, ուշագրավ փաստ արձանագրեց. այն գրեթե ամբողջությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ ծրագիրը, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, ներկայացվել էր ԱԺ:

Պարզապես նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, ու կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ երկարաժամկետ կտրվածքով, օրինակ՝ տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Միաժամանակ նկատենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում մի քանի ուշագրավ շեշտադրում կա. «Կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ… Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը…Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»:

Փոխարենը կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, թեեւ Փաշինյանը կողմ է արտահայտվել այդ երկրի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Կառավարության ծրագրում միայն նշված է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլերի մասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս