Չարաշահումներ Եղվարդի քաղաքապետարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկում են տարեվերջին պետական համակարգի ներկայացուցիչների պարգեւատրման թեման, պարզվում է՝ նախկին իշխանությունների օրոք գումարների մսխման շատ ավելի վատ դեպքեր են եղել: Օրինակ` Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ` դեռ 2016թ. «Տեառընդառաջ» համաքաղաքային տոնակատարության մասնակիցներին` որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ:

Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Այսինքն՝ պարզ չէ, թե իրականում ովքեր են համայնքի հաշվին Դուբայ գնացել: Բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի` նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների: Նշենք, որ Ն. Սարգսյանը Եղվարդի համայնքապետն է 1999թ.-ից եւ պաշտոնավարման ընթացքում հասցրել էր համալրել ՀՀԿ շարքերը»:

Հ. Գ.  Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանի որդին` Վարդգես Սիմոնյանը, մեր այս հոդվածին արձագանքել է, նշելով, որ իր հայրը «500 հազար դրամ չի վերցրել, առավելևս չի յուրացրել, այլ այդ գումարը բաժանվել է 5 մասի և տրամադրվել դասղեկներին»: Ավելին նա հայտնեց, որ այդ մասին վկայող  անգամ տեսագրություններ և լուսանկարներ կան:




Լրահոս