Խնդիրներ` Շիրակի բուժհիմնարկներում. խնդիրը չի լուծվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության երկրորդ քաղաքում առողջապահության ոլորտում չի լուծվում մասնագետների խնդիրը: Ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, ակնաբույժներ, նյարդաբաններ, գինեկոլոգներ. սրանք հիմնական մասնագետներն են, որոնց պահանջարկը կա քաղաքում: Առավել զգացվում է նեղ մասնագետների կարիքը: Խնդիրը մարզում նոր չէ: Տարիների ընթացքում որոշ բուժհաստատություններում համալրում լինում է, բայց որոշ ժամանակ անց խնդիրը նորից գլուխ է բարձրացնում: Երիտասարդ կադրերերի որոշ մասը փորձ ձեռք բերելուն պես նախընտրում է մասնագիտական գործունեությունը շարունակել մայրաքաղաքում, որտեղ առաջարկվող պայմաններն են տարբեր, մասնավորապես` վարձատրությունն է բարձր: Իսկ Շիրակի մարզում բնակչության վճարունակությունն է ցածր, ինչն ուղիղ ազդում է մասնագետների գրպանի վրա: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ բուժսպասարկման որակը ցածր է, վճարունակ քաղաքացին էլ հայացքն ուղղում է դեպի մայրաքաղաք: Իհարկե, դրությունը փոքր-ինչ փոխվեց, երբ ստեղծվեց «Գյումրի» ԲԿ-ն: Բայց այստեղ էլ նեղ մասնագետների պակաս կա:

«Շիրակի մարզում` 6 բուժհաստատությունում, առկա է տնօրենի թափուր հաստիք: Հատկապես բժշկական ամբուլատորիաներում հաստիքները չեն համալրվում տարիներ շարունակ. 6 հիմնարկում ունենք տնօրենի թափուր պաշտոններ, որոնց համար հայտարարված էին մրցույթներ, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն էլ հունվարի 29-ն էր: Մարտին մենք նշված տեղերի համար անցկացնելու ենք երկուական մրցույթներ»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանը:

Մրցույթներն էլ առանց թեժ մրցակցության են անցնում: Ֆինանսական խնդիրներից զատ բուժհաստատություններում շենքային խնդիրներն էլ դեռ լուծված չեն: Դրան էլ գումարվում է անհրաժեշտ բուժսարքավորումների մաշվածությունն ու բացակայությունը, եւ այդ ամենն ուղիղ ազդում է բուժսպասարկման որակի վրա: Օրինակ` «Բեռլին» պոլիկլինիկայում 17 հազար 500 բնակիչ է սպասարկվում: Շենքային պայմանները պոլիկլինիկայում բարվոք են, բայց բուժսարքերն են հին ու մաշված. «Լաբորատորիաների նորացման խնդիր ունենք, Ֆիզիոթերապիայի կաբինետի նորացման խնդիր ունենք: Իհարկե, այդ ամենը ազդում է բնակչության թվի կրճատման վրա»,- ասաց «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի ժպ Արմեն Դավթյանը:

Հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսերում էլ, որը գտնվում է Գյումրիում, նեղ մասնագետների ու բուժսարքավորումների խնդիր կա: Գրանցված ցուցանիշն էլ փաստում է, որ առկա վիճակը հանգեցրել է հիվանդների արտահոսքի:

Խնդիրն առավել օրհասական է Մարալիկի ու Արթիկի հիվանդանոցների դեպքում, որտեղ առաջնային տեղում շենքային անմխիթար պայմաններն են, սա այն պարագայում, երբ մայրաքաղաքում տարեցտարի նոր բուժհիմնարկներ են ստեղծվում, եղածների պահպանման զարգացման համար էլ Առողջապահության նախարարությունը մշտապես նոր ծրագրեր է մշակում:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս