Փետրվարի 7-ից 10-ը Երևանում տեղի կունենա Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որն այս տարի կազմակերպում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից:
ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեցին Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները: Պալիատիվ բժշկության դասընթացին այսօր ներկա էր մոտ 50 մասնակից: Դասընթացի ղեկավարներն են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի պալիատիվ բժշկության բաժնի ղեկավար Ջասթին Բեյքերն ու մանկական ուռուցքաբանության հայտնի մասնագետ Քերըն Ուիլիամսը: Դասընթացները կշարունակվեն մինչ փետրվարի 8-ը, իսկ փետրվարի 9-ին և 10-ին տեղի կունենան գիտաժողովի գլխավոր նիստերը:
Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Հայաստանն առաջին անգամ կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով մանկական ուռուցքաբանության բնագավառում, որը չափազանց կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար: