Վերջին օրերին ԵՊՀ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին փորձում էինք պարզապես կողքից հետևել։ Բայց չպետք է թույլ տանք, որ գիտությանը դիպչեն մարդիկ, ովքեր մտահոգվում են միայն նյութական ապահովության խնդիրներով: Գիտության հիմնական առաքելություններից մեկը աշխարհի յուրաքանչյուր երկրում ոչ միայն երկրին սպառնացող վտանգների չեզոքացումն է, այլև նրա անվտանգության ապահովումը։ Հետևաբար, մեր պետության ամենաառանցքային հարցերից մեկը պետք է լինի կենսունակ գիտական համակարգ ստեղծելը և այն տնտեսության զարգացման համար ծառայեցնելը։ Իսկ գիտության վիճակը ԵՊՀ-ում իրականում ավելի քան ողբալի է: Փաստ է, որ ԵՊՀ-ն հեռու է առաջնակարգ համալսարան լինելուց, և դրա հիմնական պատճառը գիտությանը մատների արանքով նայելն է: Համալսարանի առջև բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք վկայում են գիտակրթական համակարգի ճչացող անարդյունավետության և բարձր կոռուպցիոն ռիսկերի մասին:
Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար ստիպված ենք մի շարք օրինակներ բերել: Հարկ է, թերևս, մեկ անգամ էլ նշել, որ ամենացավոտ և քայքայված օղակը համալսարանական համակարգում քիմիայի թևն է: Պատճառաբանությունը ֆինանսների սղությունն է, բայց իրականում, եթե հաշվի առնենք, թե ինչ կարգի գումարներ են տարիներ շարունակ մտել քիմիայի ֆակուլտետ պետական բյուջեից բազային ֆինանսավորման թեմաների միջոցով, ապա իսկապես լաբորատորիաները պետք է լինեին թե՛ վերանորոգված և թե՛ տեխնիկապես զինված։ Սակայն եկեք, նախ և առաջ, հստակեցնենք մեկ բան. բազային ֆինանսավորման թեմաները ի՞նչ օգուտ և ի՞նչ վնաս են տվել համալսարանին:
Աղքատության մեջ խեղդվող երկրում թեմայի ղեկավարը իրեն իրավունք է վերապահել ամեն ամիս իրեն և իր մեղսակիցներին 150 000-200 000-ական դրամ թոշակի նման վճարել և պահպանել իրենց չարդարացված գոյությունը համալսարանում։ Այդ պայմանագրի ղեկավարները ռեալ ֆինանսական վնաս են հասցրել ԵՊՀ-ին և Հայաստանի Հանրապետությանը պայմանագրի մեջ պատահական և ժամանակավոր աշխատակիցների ներգրավումով՝ նրանց երեխաների անվճար ուսուցումը ապահովելու նպատակով: Իսկ երկար տարիներ նրանց աշխատավարձի վճարումը, արդյո՞ք, կոռուպցիոն ռիսկեր չեն ենթադրում:
Կատարվել են խոշոր չափերով յուրացումներ: Որպես աշխատող ձևակերպել են մարդկանց, որոնք տարիներով համալսարան չեն մտել և նրանց աշխատավարձը յուրացրել են: Մինչդեռ հիմնական աշխատողներին տարիներով նսեմացրել են, կոտրել, համոզել, որ իրենց դեմ խաղ չկա։ Ժամանակի ընթացքում այդ ստորացուցիչ լծի տակ ձևավորվեց ամենասարսափելի կրավորական որակը՝ հարմարվողականությունը: Մենք առաջին հերթին պետք է լուծենք գաղութային անցյալից մնացած կրավորական արժեհամակարգի և նրա տոքսիկ ազդեցությունից ազատվելու խնդիրը։
ԵՊՀ-ում քիմիական գիտությունը փտախտ ունի, և գիտական դաշտի մաքրումը այդ փտախտից կնպաստի նաև կրթական համակարգի կարգավորմանը: Եղել է ամենաթողություն: Տպագրվել են և՛ գիտական, և՛ ուսումնամեթոդական այնպիսի աշխատանքներ, որոնք միջազգային քիմիական հասարակայնությանը կամ թեկուզև սեփական ուսանողին մատուցելը նսեմացում է համալսարանականի և առհասարակ փոքրիշատե ինքնասիրություն ունեցող մտավորականի համար: Կատարված ապօրինությունների համար ոչ ոք չպատժվեց։ Այդ պատճառով էլ երևույթը դեռևս շարունակվում է:
Կարծում ենք՝ դա անլուծելի խնդիր չէ: Դրա դեմ կա շատ պարզ ու հրաշալի միջոց` օրենքը: Պետք է գտնենք խորքային նոր մոտեցումներ՝ փոխելու գիտության ներսում ձևավորված դոմինանտ ՛՛արժեհամակարգը՛՛, սուտը (մասնավորապես գրագողությունը), և մաքրագործելու այն, դրանով ճանապարհ բացելով լիարժեք զարգացման համար։ Այս մասին ես քանիցս բարձրաձայնել եմ գիտության կոմիտեի և համալսարանի ղեկավարության առջև, բայց` ձայն բարբառո հանապատի… Այսպես է ստացվել. քանի որ քիմիայի ֆակուլտետի դեկանը չուներ կրթության և գիտության զարգացման ծրագիր, և օլիգարխի հովանու ներքո դարձավ դեկան՝ նպատակը արդարացնում է միջոցները նշանաբանով:
Դրա հետևանքով ունենք այն, ինչ ունենք, այսինքն` թույլ և անմրցունակ գիտություն, իրենց անգրագիտության և կողմնակալ վերաբերմունքի հետ չհամակերպվողների հանդեպ մոլի ատելություն և դաժան անհանդուրժողականություն՝ դուրս թողնելով ասպարեզից գիտության իրական նվիրյալներին, լարվածություն ֆակուլտետի ներսում և այլ բացասական երևույթներ, որոնց գագաթնակետը կարելի է համարել լավագույն կադրերի բռնի և կայուն արտահոսքը համալսարանից, ֆակուլտետի անհիմն, անտրամաբանական և չարդարացված բաժանումը երկու մասի: Այո՛, գործի դրվեց անջատման հանցավոր գործընթացը, երբ ամենուր դրված էր օպտիմալացման խնդիրը (ըստ օդում կախված լուրերի` պատճառը ավելի խորքային է): Իսկ թեմայի ղեկավար դեկանի դերը սահմանափակվում է փողերի բաշխումով՝ «Իմ գրպանից եմ տալիս» բառացի հայտարարություններով: Եվ այդպես էլ հարց մնաց, թե ինչո՞ւ էր գիտությունը ֆինանսավորվում նրա գրպանից:
Ինչո՞ւ գումարներ չեն հատկացվում քիմիական նյութերի համար, և ինչո՞ւ է թաքուն պահվում Նոբելյան մրցանակի արժանի այն գիտական միտքը, թե ինչպես է կարելի քիմիական փորձեր իրականացնել առանց քիմիական նյութերի, և ավելին՝ ապացուցել չսինթեզված նյութերի՝ թույլ արտահայտված կենսաբանական ակտիվությունը:
Ծրագրի ղեկավարը քանի՞ անգամ է քննարկել իր աշխատակիցների աշխատանքները, խորհրդատվություններ անցկացրել նրանց հետ, ինչպիսի՞ խնդիրներ է առաջադրել, և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել: Պայմանագրից ինչպիսի՞ օգուտ կարող է լինել, եթե դրա ղեկավարը ինտելեկտով և ֆիզիկապես երկար տարիներ չի կարող և չի անցկացնում դասախոսություններ՝ լինելով ֆակուլտետի դեկան:
Այդ պայմանագրի աշխատակիցները ինչպիսի՞ ընդհանուր գիտական խնդիր են լուծում, երբ նրանց մեծ մասը կա՛մ չեն աշխատում, կա՛մ ձևացնում են, թե աշխատում են: Կամ ինչ՞ ընդհանուր գիտական խնդրի լուծման մասին կարող է խոսք լինել, երբ թեմայի աշխատակիցների մեծ մասը միմյանց չեն էլ ճանաչում: Որքանո՞վ է էթիկայի սահմաններում պայմանագրի գիտաշխատողների հոդվածներում ընդգրկել ղեկավարի դստեր Անուն Ազգանունը, երբ վերջինս ընդհանրապես կապ չունի այդ աշխատանքների հետ: Ու դրա հետ հարց մնաց նաև, թե որո՞նք են մեր աշխատանքային իրավունքները և պարտականությունները:
Կարծում եմ՝ քիմիկոսների շրջանում կան շատ ավելի կարող ու անբասիր մարդիկ, որոնք իսկապես արժանի են ղեկավարելու պատկան կառույցներն ու հարակից գործընթացները: Խնդիրը համակարգային է, այո՛, և այս արատավոր մոտեցումը, որը ձևավորվել էր ԵՊՀ-ում, գիտությունը թաղել է կոռուպցիայի և պարապության մեջ: Հետևաբար, ողջունելի է գիտության բնագավառում վերջին շրջանում նկատվող փոփոխություններ իրականացնելու միտումը, որն անխոս պետք է հանդիպեր կոշտ դիմադրության…..
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ գիտական խորհրդի ուղարկած դիրքորոշման մեջ գրված է. ,,Արդյունավետության գնահատման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը համարում ենք հիմնավորված և պատրաստակամ ենք ակտիվորեն մասնակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին,,:
Բայց ինչո՞ւ այսքան ուշացած, եթե գտնում եք, որ դրա անհրաժեշտությունը այնումենայնիվ կար: Իսկ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի ժամանակ երբևէ առաջ քաշվե՞լ է այդ նույն պահանջը. մի՞թե չէիք տեսնում, որ գիտությունը համալսարանում հոգեվարքի մեջ է: Ինչո՞ւ երկար տարիներով չկա արդյունավետ գիտական և ֆինանսական վերահսկողություն ԵՊՀ-ի ղեկավարության և գիտության պետական կոմիտեի կողմից:
Բայց փաստը մնում է փաստ, որ հարկավոր է բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին, Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումներին միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանը անմիջականորեն նպաստող համակարգ:
Ցավոք կառավարության որոշումը հետաձգվեց ևս մեկ տարով, բայց հուսով ենք, որ հեղափոխությունը մի օր էլ ԵՊՀ կմտնի:
Քիմ. գիտ. Թեկնածու Հայաստան Ալվանջյան