Տիգրան Պետրոսյանի նշանակմանը փորձել են խոչընդոտել. նախկին մարզպետի դրդմամբ նամակ են գրել վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ եւ հարթ չի ընթացել: Հիմնականում Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից փորձեր են արվել արհեստական խոչընդոտներ ստեղծել ներկայիս մարզպետի համար: Ավելին` նա փորձել է իր ցանկալի թեկնածուին առաջ մղել, իսկ ցանկալի թեկնածուն եղել է Վարդան Գրիգորյանը, որը, նշենք, Գյումրու կահույքի սրահներից մեկի տնօրեն է, ասում են՝ ապաքաղաքական մարդ: Հիշեցնենք` նորանշանակ մարզպետը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված է եղել որպես պատգամավորի թեկնածու, հավաքել է մոտ 4600 քվե, եւ տրամաբանական է, որ ընտրություններից հետո մարզպետի պաշտոնում քննարկվել է հենց նրա թեկնածությունը:

Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Տիգրան Պետրոսյանի անունը, Կարեն Սարուխանյանը մարզպետարանի իր նշանակած աշխատակիցներին համոզել է նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` փորձելով ակնարկներ անել, որ Տիգրան Պետրոսյանը, ըստ էության, արժանի չէ այդ պաշտոնին: Սարուխանյանի հորդորով նամակի տակ ստորագրել են մարզպետարանի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, ՔՊ-ի ներկայացուցիչներն ու համակիրները` համոզված լինելով, որ Պետրոսյանը չի նշանակվի: Բայց հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, նրանք փոշմանել են, քանի որ հայտնվել են խաբված վիճակում:

Ինչեւէ, Սարուխանյանին Պետրոսյանի դեմ հակակաքարոզչություն անելիս օգնության է հասել այն, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված քրեական գործ է բացվել, իսկ հիմնադրամի նախկին ղեկավարներից մեկը եղել է նորանշանակ մարզպետի ընկերը: Տիգրան Պետրոսյանի ընկերն է նաեւ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը: Կարեն Սարուխանյանը, հասկանալով, որ նրանց մտերմությունը, հատկապես Կարեն Պետրոսյանի գործոնը կազդի Տիգրան Պետրոսյանի վարկանիշի վրա, բնականաբար, բացասական առումով փորձել է այդ փաստն էլ օգտագործել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: Վերջինս ասաց, որ հերքում է մեր տեղեկությունները: «Ես ասեմ, որ ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որեւէ բան չկա: Դրա համար որեւէ պատճառ չունեմ»: Հետաքրքրվեցինք` ինքը ստորագրություններ չի՞ հավաքել ընդդեմ Տիգրան Պետրոսյանի: «Ես հերքում եմ դա: Ստորագրահավաք չի եղել: Նորից եմ կրկնում` դրա վառ ապացույցն էլ այն է, որ ես եմ իրեն առաջարկել ընդգրկվել մեր ցուցակում»,- մեզ հետ զրույցում ասաց Սարուխանյանը: Մեր աղբյուրների պնդմամբ` Սարուխանյանի կողմից իսկապես առաջարկ եղել է Պետրոսյանին, սակայն դա, բնականաբար, եղել է քաղաքական թիմի որոշման արդյունքում: Նշենք նաեւ, որ նրա առաջարկը մերժվել է: Հետո Տիգրան Պետրոսյանին առաջարկ է եղել քաղաքական թիմի կողմից, որն արդեն ընդունվել է:

Հ.Գ. Տիգրան Պետրոսյանի նշանակումից հետո Կարեն Սարուխանյանը շտապել էր համացանցում շնորհավորել նրան: Մեր աղբյուրների պնդմամբ` նա այդպես է արել կատարվածը մոռացության տալու համար:

Լուսինե Մինասյան




Լրահոս