Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը մեծ թվով մարդիկ են լքում: Հունիսի դրությամբ դուրս եկածների թիվը 600 էր, սեպտեմբերին` 6000-ից ավելի, իսկ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 8000 մարդ է դուրս եկել: Նշենք` 8000 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես` կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով:
Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է, հասնում է տասնյակ հազարների: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը: Շատերը ուղղակի համարում են իրենց անդամակցությունը դադարեցված` անգամ այդ մասին տեղյակ չպահելով ՀՀԿ-ին: Վերջապես, այս կուսակցությունից նախորդ տարի դուրս եկան նաեւ ղեկավար կազմի՝ Գործադիր մարմնի անդամներից երկուսը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Ֆարմանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրեթե մեկ ամիս է` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից փորձում է ճշտել, թե քանի մարդ է այս պահի դրությամբ լքել կուսակցությունը, սակայն վերջինս խուսափում է պատասխանել` ասելով, որ զբաղված է, կխոսի մեկ ժամ հետո, եւ հետո չի պատասխանում մեր զանգերին: Ենթադրելի է, որ ՀՀԿ-ն լքածների թիվը հասել է մի չափի, որի մասին հարցը կուսակցության պատասխանատուները լսելիս նյարդայնանում են կամ ամաչում են հրապարակել: