Խորհրդարանում Ջանջուղազյանին «պատին էին դեմ տվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հերթական նիստը, որին այս անգամ էլ հրավիրել էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետո Ջանջուղազյանը երկրորդ պաշտոնյան է, ում իշխող ուժի խմբակցությունը հրավիրում է խորհրդարան բացատրություններ տալու։ Ընդ որում, երեկվա նիստը ռեկորդային երկար տեւեց՝ չորս ժամից ավելի։ Բացի երկարատեւ նիստից այն նաեւ շատ բուռն է անցել, եւ կարելի է ասել` պատգամավորները նույնիսկ չեն թողել «շնչել» Ջանջուղազյանին եւ նրան ուղղակի հարցախեղդ են երել։

Նախ ընդգծենք, որ երեկվա նիստին պատգամավորները չեն սահմանափակվել միայն վերջերս աղմուկ հանած պարգեւավճարների եւ պարգեւատրումների թեման քննարկելով եւ սահուն անցում են կատարել Հարկային օրենսգրքին, որն էլ ավելի բուռն քննարկվել է պատգամավորների կողմից՝ հատկապես փաստաբանական թեւի ներկայացուցիչների։ Պատգամավորները պարգեւատրումների շուրջ տարբեր տեսակետներ են ունեցել, սակայն միասնականն այն է եղել, որ, ամեն դեպքում, նոր համակարգ է պետք մշակել։ Բուռն նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։

-Տիկի՛ն Մակունց, Ձեզ գոհացրի՞ն Ատոմ Ջանջուղազյանի բացատրությունները պարգեւավճարների թեմայի վերաբերյալ։

-Գիտեք, այնքան բազմաշերտ եւ ծավալուն ենք քննարկել։ Պարգեւավճարների հետ կապված այն պարզաբանումները, որոնք տրվեցին, որոշ չափով խնդիրների մեծ մասը համընկնում էր այն խնդիրների հետ, որոնք կային ՊԵԿ-ի պարագայում։ Բայց այստեղ համակարգային խնդիր կա։

-Նիստը տեւեց չորսուկես ժամից ավելի. լարվա՞ծ նիստ է եղել։

-Երկար տեւեց, քանի որ բուն քննարկումը Հարկային օրենսգրքի շուրջ էր ծավալվել։ Պարգեւավճարների հետ կապված մենք, կարծես թե, համակարծիք էինք, որ համակարգային եւ միասնական լուծման խնդիր կա առաջին հերթին։ Երկրորդ խնդիրը վերին եւ ստորին շեմ սահմանելն է, ու նաեւ ոչ հայեցողական պարգեւներ հատկացնելը, որովհետեւ իրականում այն, ինչ հիմա ունենք, չի սահմանում, թե մինչեւ ինչ չափը մենք կարող ենք պարգեւատրել եւ որ պարագայում կարող ենք այդպես անել։ Այսինքն` հայեցողական է լինում այդ ամենը։

-Մամուլում բազմիցս գրվեց այն մասին, որ նախարարությունում ամենամեծ պարգեւատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ Այդ հարցը նիստում պարզաբանվե՞լ է։

-Այո, այդ հարցին անդրադարձ եղավ։ Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց եւս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տեւել։

Եվ չնայած տիկին Մակունցը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջանջուղազյանի բարեկամների պարգեւատրման թեմային եւս անդրադարձ է եղել, սակայն վերջինս մեզ հետ զրույցում խուսափողական պատասխան տվեց՝ նախ հայտարարելով, թե նիստի քննարկումը փակ է եղել։ «Ազգակցական կապ ես որեւէ մեկի հետ չունեմ։ Հիմա որեւէ մեկը չի հարցրել այդ մասին, հիմա Դուք եք առաջինը հարցնում։ Խմբակցության նիստը հիշում եք, որ դռնփակ էր»,- նշեց նա։ Մեր դիտարկմանը, թե հենց տիկին Մակունցն է մեզ հետ զրույցում այդ մասին նշել, նա հայտարարեց․«Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»:

Չորսուկես ժամվա քննարկման առյուծի թեման եղել է Հարկային օրենսգրքի քննարկումը, որին պատգամավորներից շատերը եւս բուռն են արձագանքել, բացասական որակումներ տվել՝ ասելով, թե այսպիսի նախագծով միայն հանրության զայրույթն են ավելացնում, եւ ոչ մի լավ բանի չի բերում։ Ակտիվ են եղել հատկապես փաստաբանական թեւի ներկայացուցիչները, քանի որ այս փոփոխություններն, ի վերջո, ուղիղ «հարվածելու են» հենց նրանց գրպանին։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է ամրագրել, որ փաստաբանները կհարկվեն ոչ թե շրջանառության հարկով, այլ ԱԱՀ-ով։ Այսինքն՝ կստացվի, որ նրանց հարկային բեռը մի քանի անգամ կավելանա։

Փաստաբանական համայնքն այս նախագծի վերաբերյալ տարընթերցումներ ունի եւ կարծում է, որ նախագիծն այսպես չպետք է մնա։ Նիստից հետո իշխող ուժի խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը, ով նաեւ փաստաբան է, մեզ հետ զրույցում անդրադարձավ իր մտահոգություններին։

«Իրականում ես հիմա չեմ կարող ասել՝ ես կողմ եմ, թե դեմ եմ։ Իրականում նախնական ավելի շատ դեմ եմ, եւ դա օբյեկտիվ է։ Ես չարամիտ բան չեմ տեսնում, բայց այն ելակետը, որից նախարարությունը ելել է, մի քիչ ոլորտի ընկալման խնդիր կա։ Մենք պետք է ֆիքսենք, որ չենք գտնվում վերջնական նախագիծը խորհրդարանում քննարկելու փուլում։ Խնդիրն ավելի նպաստավոր հարկման դաշտից նվազ նպաստավոր հարկման դաշտ գալն է։ Կոնցեպտի առումով, սակայն, առարկություն չունեմ եւ կարծում եմ, որ փաստաբանությունն առաջին հերթին բիզնես է», – հավելեց նա։ Նկատենք, որ այս հարցի վերաբերյալ տարակարծություն է եղել նաեւ հենց Սուրեն Գրիգորյանի եւ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից, եւ նրանք այդ տարակարծությունների շուրջ զրուցում էին անգամ միջանցքներում։

Բանն այն է, որ Բաղդասարյանի խոսքով` կան դեպքեր, երբ նա անվճար է փաստաբանություն անում եւ ինչու պետք է այդ դեպքում էլ ավելի հարկ վճարի։ Այնինչ Սուրեն Գրիգորյանն այլ կարծիք ունի։ «Անվճար ծառայությունների խնդիրը լրիվ այլ են, եւ կա երկու բեւեռ։ Մի կողմից՝ չպետք է դա հարկես, քանի որ շահույթ չկա, մյուս կողմից` դա չպետք է դառնա պատրանք վճարովի ծառայության համար։

Այսինքն, իրականում չլինի սեւ շրջանառություն։ Իրականում Փաստաբանական պալատի կողմից նշվում է այդպիսի բան դրանով, դա փաստարկ է, եւ պետք է ծանրութեթեւ արվի», – հավելեց նա։ Նա նաեւ չթաքցրեց, որ Բաղդասարյանի հետ այդ հարցում տարընթերցումներ ունեն։ «Մենք կոնցեպտուալ տարբեր կարծիքներ ունենք փաստաբանության էության վերաբերյալ։ նա գտնում է, որ սա իրավապաշտպան գործունեություն է, ես ասում եմ՝ չի բացառում իր ձեռնարկատիրական գործունեություն լինելը»։

Հավելենք, որ այս հարցերի շուրջ քննարկումները շարունակվելու են։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս