Հիվանդանոցների մի մասը հրաժարվել է Արսեն Թորոսյանի առաջարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից, իսկ հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ տեղում նորագոյացություններն են:

Ավելին, մեր հանրապետությունում մահվան ամենատարածված պատճառներից մեկը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա ընթացքում մահացել է 5 հազար 233 մարդ:

ՀՀ-ում այս հիվանդությունների տարածվածությունն էր պատճառը, որ դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա: Ըստ «Panorama.am» լրատվամիջոցի` դրանք են «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն, «Նաիրի» ԲԿ-ն, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, «Արթմեդ»-ը, «Շենգավիթ» ԲԿ-ն, Վ. Ավագյանի անվան ԲԿ-ն:

Նախարար Թորոսյանը խոսել է մի խնդրի մասին, որը, իհարկե, ողջունելի է, շատ կարեւոր է եւ շատ գովելի: Ի վերջո, ՀՀ-ում քաղցկեղն այսօր ամենատարածված հիվանդությունն է, եւ հիմա մարդիկ պարզապես հիացած են անվճար վիրահատությունների խոստմամբ` անհամբեր սպասելով ծրագրի մեկնակին: Բայց հարց է, թե այդ հիվանդության դեպքում ավճար վիրահատությունների ծրագիրն ինչպես է արվելու, ինչ մեթոդներով, ու որոնք են ծրագրի ռիսկերը: Եւ հաշվի առնելով այդ անհնարինությունը` արդյոք արժեր զուտ փիառի համար հայտարարություններ անել, որոնք, ըստ որոշ մասնագետների, անիրականանալի են:

Օրինակ` «Արմենիա» ԲԿ-ի բժիշկ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը դեմ է, որ մի քանի կենտրոնում իրականացվի դա: «Նոր են սկսել, բայց արդեն առաջին հիվանդանոցի ԿՏ-ն չի աշխատում, Էրեբունին էլ լցվել է, ասում է` էլ հիվանդ չբերե՛ք։ Հիվանդները գնում են տարբեր հիվանդանոցներ ու կռվում բժիշկների հետ: Կրակն են ընկել բժիշկները: Եթե այսպես շարունակվի, բժիշկներ էլ կծեծեն, նույնիսկ կդանակահարեն»,- իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Խաչատրյանը: Ըստ Մարինա Խաչատրյանի` քաղաքացիները ճիշտ չեն ընկալում այն, ինչը հրահանգված է առողջապահության նախարարի կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ նա անգամ ծրագիրը չի քննարկել մասնագետների հետ: Սա խիստ զայրացրել է բժիշկներին:

Նշենք, որ տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները: Պարզվում է` նրանք իրենց հետաքրքրող պատասխանները չեն ստանում անգամ բուժհաստատություններից:

Մինչ այդ նկատենք, որ քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել:

Ըստ որոշ մանագետների` եթե նախկինում մարդիկ իրենց հերթն առաջ գցելու համար համաձայնում էին կատարել համավճարում, ապա այս ծրագրի իրագործման արդյունքում նրանք պարզապես չեն ունենա այդ հնարավորությունը: Եթե այսօր քաղաքացին ցանկանա իր հերթն առաջ գցել, ապա նա պետք է կրկնակի վճարի կամ էլ դիմի այն բուժհաստատություն, որը պայմանագիր չի կնքել ԱՆ-ի հետ եւ այդ կարգի վիրահատությունները կատարում է վճարովի ու բարձր գնով: Ավելին` այս ամենի արդյունքում քաղաքացուն չի տրվում բժշկին ընտրելու հնարավորություն: Այսինքն` ԱՆ-ի կողմից ներկայացված ցանկում եւ ծրագրում սահմանափակ թվով կլինիկաներ են ներառված:

Բացի այս, ըստ մասնագետների` «Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի 2019 թվականի բյուջեի 700 մլն դրամի աճը շատ քիչ գումար է, որպեսզի հարցը կարգավորվի: Չէ՞ որ չնչին գումարի մեջ մտնում են նաեւ այլ ծառայություններ` կատեն, հետազոտություններ, դեղեր, հիվանդասենյակի վճարը:

Սա ձեռնտու չէ ոչ միայն բժշկական կենտրոնի, այլ բժշկի համար, քանի որ այս դեպքում բժիշկը իր ծառայության դիմաց կստանա չնչին գումար: Թեեւ չի բացառվում, որ պետությունը ֆինանսավորի միայն վիրահատության գումարը, իսկ, ահա, դեղորայքի, հետազոտությունների ու հիվանդասենյակների համար մարդիկ այնուամենայնիվ վճարեն: Մասնագետների պնդմամբ` խնդիր է այն, որ կարող է վիրահատության համար հերթեր գոյանան:

Չէ՞ որ երբ պետությունը մատչելիության հնարավորություն է տալիս, այդ դեպքում մարդկանց հոսքը ավելանում է, իսկ բուժհաստատությունները դրան պատրաստ չեն` սկսած վերակենդանացման բաժանմունքի ծանրաբեռնվածությունից, մահճակալների քանակից եւ այլն: Բժիշկների մի մասը թեեւ ողջունում է նախարարի ծրագիրը, բայց, այնուամենայնիվ, խուճապի մեջ է, քանի որ պատասխանատվության զգացումը հիմնականում ընկնում է իրենց, ապա բժշկական կենտրոնի վրա: Շատերը համոզված են, որ այս ամենի արդյունքում ստվերը կշատանա: Այսինքն` բժիշկները կսկսեն հիվանդից գումար վերցնել, որովհետեւ չեն բավարարվի պետության տված չնչին ֆինանսավորումից:

Բայց ինչպես հայտնի է, այսօր հանրապետությունում համապատասխան վիրաբույժներ կան, որոնց ծառայությունը թանկ է եւ սկսում է 1 մլն դրամից: Հիմա կառավարությունն առաջարկում է թողնել 1 մլն դրամանոց վիրահատությունը եւ այն անել 600-700 հազար դրամով: Չի բացառվում, որ սրա արդյունքում ավելի փորձառու վիրաբույժները աշխատանքի անցնեն այն բուժհաստատություններում, որտեղ քաղցկեղի վիրահատությունը վճարովի կլինի:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ որոշ բուժհաստատություններ հրաժարվել են պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության հետ, քանի որ այդ կարգի հիվանդների համար պետք է համալիր համակարգ, որը որ ունի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային ինստիտուտը: Որոշ բուժհաստատություններ քննարկել եւ նպատակահարմար են գտել հրաժարվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս