«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում նոր շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն է:
Նա պատմեց, որ իր այցելած եվրոպական ավելի քան տասը երկրում հասարակական տրանսպորտից չի օգտվել, փոխարենը` այդ գումարով գնել է մեքենա, որով շրջել է տվյալ երկրներում, այնուհետեւ եկել Հայաստան ու վաճառել այն: Արդյունքում շատերը մտածում են, թե Սուրենը մեքենաների ներկրման բիզնեսով է զբաղվում, այնինչ դժվար է հավատալ, բայց նա դա անում է հաճույքի եւ մատչելիության համար, որպեսզի հանգիստ տեղաշարժվի իր սիրելի քաղաքներում:
«Ասեմ, որ այս գործն ամենեւին էլ եկամտաբեր չէ, պարզապես թույլ է տալիս իմ նախընտրելի քաղաքներում ավելի երկար մնալ: Մաքսայինում շատերին թվում է, թե ես բիզնեսմեն եմ»,-ասաց Սուրենը:
Ի դեպ, ճամփորդությունների ընթացքում քիչ չեն եղել զվարճալի, հիշարժան դեպքեր: Օրինակ՝ մի անգամ Սուրենի գերմանաբնակ ընկերը որոշել է նրա հետ իր ծանոթներից մեկի համար մեծ, ստացիոնար համակարգիչ եւ «Խորհրդավոր ընթրիք»-ի թեմայով քանդակ ուղարկել. «Թուրքիայի սահմանին հերթական ստուգման ժամանակ հարցրին, թե ինչ եմ տեղափոխում, ես էլ ստիպված եղա ստել` ասելով, թե դա իմ համակարգիչն է, նոթբուքի հնարավորություն չունեմ, աշխատանքներս այդ համակարգչի մեջ են, եւ ստիպված եմ դրանով շրջել ամբողջ աշխարհում: Երբ չէին հավատում, առաջարկեցի անուն-ազգանունս գրել «Գուգլ»-ում եւ համոզվել, որ ռեժիսոր եմ (ծիծաղում է):
Իսկ երբ բանը հասավ քանդակին, այս անգամ ես ասացի, թե իբր մոլի հավատացյալ եմ եւ այդ սուրբ քանդակը ինձ հետ տանում եմ տարբեր երկրներ: Ամենազվարճալին այն է, որ մաքսայինի աշխատակիցները հավատացին ինձ, մտածեցին, որ խենթ եմ, անգամ արտահայտվեցին, ասացին. «Մենք ձեզ նման տարօրինակ մարդ չէինք տեսել» »,-հիշեց ռեժիսորը:
Աննա Բաբաջանյան