Ժակը՝ քաղաքականության և Լուլուի հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ դուր չի գալիս մեր հասարակության կողմից ներքաղաքական կյանքին ծայրաստիճան ուշադիր հետեւելու միտումը: Նկատում եմ, որ ոմանք փորձում են ուղղորդել իրենց ձեռնտու գաղափարներն ամրապնդելու համար, իշխանության հակառակ ճամբարում գտնվողների կողմից իրականացվող ինֆորմացիոն ամենատարբեր մանիպուլյացիաների ականատեսն ենք այսօր, ուստի իշխանությունը պետք է ակտիվանա եւ ներկայանա կոնկրետ արած աշխատանքներով»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակը:

Նրա խոսքով` այժմ բարդ շրջան է, քանի որ էմոցիոնալ փուլից անցում ենք կատարել ակնկալվող շոշափելի փոփոխությունների փուլ. «Վերջին շրջանում փոքր-ինչ հետ եմ քաշվել ներքաղաքական կյանքն ուսումնասիրելուց: Կարծում եմ` այն հյուծում է սովորական քաղաքացուն, շեղում է զբաղվել առավել արդյունավետ գործունեությամբ: Այսօր երկրի ճնշող մեծամասնությունը «քաղաքական մեկնաբան է», հատկապես օնլայն տիրույթում: Օֆլայն տիրույթում մարդկանց արձագանքները համեմատաբար մեղմ են, նրանք զբաղված են իրենց առօրյա խնդիրները լուծելով»,-նկատեց հաղորդավարը:

Մենք հետաքրքրվեցինք` իր նախկին գործընկերուհի Լուսինե Բադալյանի հետ նրա` պատգամավոր դառնալուց հետո հանդիպե՞լ են: «Այո, հանդիպել ենք տոներին «Ռադիո Վան»-ում, մեզ առաջնահերթ կապում է ընկերությունը, բայց հետաքրքիր է նաեւ իմ` որպես ժողովրդի եւ Լուսինեի` որպես Ազգային Ժողովի ներկայացուցչի հարաբերությունը: Ամեն դեպքում, վստահ եմ, որ Լուսինեն էլ չի հեռացել ժողովրդից եւ ծանոթ է մարդկանց շրջանում իշխող տրամադրություններին»,-պատասխանեց Ժակը:
Նա հավելեց, որ այժմ փոփոխությունների շրջան է, իսկ յուրաքանչյուր այդպիսի փուլ արդեն իսկ օգտակար է այն առումով, որ դրական տեղաշարժերի հնարավորություն է ընձեռում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս