Վերջերս սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է Առողջապահության նախարարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում: Մասնավորապես, օրենքի նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է՝ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում: Նշված փակ տարածությունների ցանկում են նաեւ անխտիր բոլոր հանրային սննդի օբյեկտները` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ, փաբեր.. Սրանք, ըստ էության, ժամանցի վայրեր են, կամընտրական հանրային տարածքներ, եւ այս ցանկում չնախատեսել գեթ մի փակ տարածք ծխողների համար, առաջացրել է ծխողների թերեւս արդարացի բողոքը:
Մարդիկ ծխել են անհիշելի ժամանակներից: Ծխելու մշակույթը խորքային պատճառներ ունի` պայմանավորված մարդկանց սոցիալ-հոգեբանական, ազգային առանձնահատկությամբ, կենցաղով եւ այլն: Օրենքի նման կոշտ նախագծով փորձել արմատախիլ անել ծխելու մշակույթը, որ դարերի ավանդույթ ունի հատկապես արեւելյան ժողովուրդների կյանքում, չի կարող չառնչվել մարդու իրավունքների ու դրանց սահմանափակման խնդրին, քանի որ շատ նուրբ է հանրային առողջության պահպանման առաքելությունը ստանձնած պետության ու սեփական առողջության վերաբերյալ որոշում կայացնելու քաղաքացու իրավունքի միջեւ սահմանը: Համաձայնեք, չի կարելի զրկել մարդուն սեփական անձին վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ որոշում է: Ինչ վերաբերում է հիմնավոր ձեւավորված մշակույթը փոխելուն, ապա այստեղ, կարծում եմ, հարկավոր է հասկանալ այդ մշակույթի ձեւավորման սոցիալական, հոգեբանական խորքային պատճառները եւ դրանց վերափոխման ուղիներ գտնել: Հարկ է նախապատրաստել հասարակությանը, որպեսզի օրենքի նախագիծը չլինի իմպերատիվ պարտադրված` անտեսելով մի շարք նուրբ հարցեր, զորօրինակ այն հանգամանքը, որ ծխելը եւս իրավունք է, որքան էլ դա առաջին հայացքից անհեթեթ հնչի: Ծխելը, ի վերջո, հետեւանք է. խնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար անհրաժեշտ է սկսել ոչ թե հետեւանից, այլ պատճառներից, որոնք մեր երկրում, մասնավորապես, սոցիալական ու հոգեբանական են:
Անշուշտ, նախագծի կողմնակիցները անմիջապես հղում կանեն արեւմտյան փորձին` անտեսելով այն հանգամանքը, որ Արեւմուտում օրենքի նախագծին նախորդել է միլիոնավոր դոլարներ արժեցող հակածխախոտային քարոզ, այսինքն` ամեն ինչ արվել է, որ օրենքի նախագիծը սթրեսային չլինի հանրության համար, քանզի բազմաթիվ հոգեբանական հիմնավորումներ կան, թե ինչպես կարող է ծխելը, խմելը օգնել մարդուն ամենատարբեր հոգեբանական փուլեր հաղթահարելիս: Նման կտրուկ արգելքը ծխելը որպես մշակույթ յուրացրած հանրության մակարդակով լուրջ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել:
Այստեղ կարող են հակադարձել, թե ծխողները վնասում են ոչ միայն իրենց առողջությունը, այլեւ ծխելով հանրային վայրերում, տանը եւ այլուր` վնասում են նաեւ չծխողների առողջությունը: Անշուշտ, ճշմարիտ դիտարկում է, սակայն, կարծում եմ, հարկավոր է մյուսներին չվնասելու սահմանափակումները խիստ ողջամիտ սահմանել, ինչպես ասում են, հանրային փոխհամաձայնության գալ: Իրականում գործ ունենք պարզ լուծում ենթադրող խնդրի հետ:
Այսպես, կարծում եմ նախագծի ընդհանուր փիլիսոփայությանը չէր հակասի հանրապետությունում մի քանի փաբ նախատեսելը, ուր թույլատրված կլիներ ծխել: Նույն այդ Արեւմուտքում ու ԱՄՆ-ում կան cigar bar-եր սիգար, ծխախոտ ծխելու համար: Հարկ է նկատել, որ Արեւմուտքի փորձը տեղայնացնելու համար հարկավոր է հստակ կանխատեսել դրա արդյունավետությունը, դրա հնարավոր հետեւանքները, դրա համապատասխանությունը տեղի ժողովրդի էթնիկ-հոգեբնական բնութագրին, այլապես կարող ենք նաեւ, ասենք, օրինականացնել մարիխուանան, որը Կանադայում, օրինակ, ազատ վաճառվում է համապատասխան խանութում:
Եթե սկզբունքը հանրային առողջության պահպանությունն է եւ այդ առումով հետեւողականությունը, ի՞նչ կասեք այդ դեպքում Քաջարանի գործարանի, անհայտ ծագման մսից պատրաստվող շաուրմայանոցների ու ֆաստֆուդերի, գենոմոդիֆիկացված սերմերի եւ, ի վերջո, արկոհոլի մասին: Մյուս կողմից` նկատենք, որ չկա որեւէ բժշկական ապացուցված եզրակացություն ծխախոտի ու թոքի քաղցկեղի պատճառահետեւանքային ուղիղ կապի մասին:
Հասկանալի է եւ կարեւոր ծխելու արգելքը այն վայրերում, ուր չմտնելու այլընտրանք քաղաքացին չունի, ասենք` դպրոցներ, հիվանդանոցներ, ոստիկանություն, պետհիմնարկ, բանկ եւ այլն: Բայց, ըստ այս նախագծի, ՀՀ ողջ տարածքում չի լինելու գեթ մեկ տարածք, որեւէ սրճարան, որեւէ բար կամ փաբ, ուր հնարավոր կլինի, ասենք, սիգարով կոնյակ վայելել կամ կալյան ծխել: Սրանք կամընտրական հանրային վայրեր են, ուր մտնողը նախապես տեղեկացված է, որ այնտեղ ծխում են, եւ իր ընտրությունն է լինել այնտեղ, թե ոչ:
Որպես կոնսենսուս, կարծում եմ, կարելի է սրճարանում առանձնացված սրահներ նախատեսել ծխողների համար, կամ լինեն տարբերակված սրճարաններ, ուր ծխում են, թող դրանց քանակը լինի խիստ սահմանափակ, բայց պիտի լինի տարածք, ուր ծխողը չի վնասում այլոց, բայց եւ գտնում է հանգիստը կազմակերպելու իր տարբերակը:
Մարիամ Դանիելյան