Բակո Սահակյանի որոշումը վերջնական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ Արցախում արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք, ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը: Ամենաշատ քննարկված հավանական թեկնածունները ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանն են: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հիշեցնենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի միակ փրկությունը եւ նախագահի ամենաճիշտ թեկնածուն:

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանդրական խոչընդոտի: Բանն այն է, որ համաձայն Արցախի Սահմանադրության հոդված 48-ի 2-րդ կետի` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Արցախի նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս մասով ի՞նչ տրամադրություններ կան Արցախում:

-Շատ սովորական: Ճիշտ է, խոսվել է այդ մասին, բայց պաշտոնական որեւէ բան չկա: Եվ հիմա էլ շուտ է այդ մասին խոսելու համար: Բայց, օրինակ, «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարել է իր առաջնորդին սատարելու մասին: Կոնկրետ այլ քաղաքացիներ դեռեւս չեն հայտարարել այն մասին, որ մտադիր են պայքարել:

-Օրինակ` շրջանառվում են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի անունները:

-Արայիկ Հարությունյանի մասով իր կուսակցությունը հայտնել է: Վիտալի Բալասանյանը ասել է, որ կարող է առաջադրվել, բայց դա էլ վերջնական չէ, ամեն դեպքում:

-Հիմա ամենաշատը, թերեւս, Սամվել Բաբայանի անունն է շրջանառվում: Նա մեզ հետ զրույցում, ըստ էության, ասաց, որ առաջարկի է սպասում Արցախի ժողովրդի կողմից: Արցախում ինչպիսի՞ն է իր գործոնը: Ինքը ի՞նչ ազդեցություն ունի քաղաքական դաշտի վրա:

-Ազդեցությունը լայն հասկացություն է: Դա կարող է որոշվել միայն քվեների տեսքով համապատասխան քվեարկության ժամանակ: Եթե ինքը օրենքի սահմաններում մասնակցի, պարզ կդառնա ամեն ինչ: Ամեն ինչ պետք է լինի` ըստ օրենքի, էստեղ որեւէ խտրականություն չկա: Չպետք է լինի որտոնություններ` այս կամ այն մարդու հետ կապված: Հետեւաբար, ով ինչպիսի ռեյտինգ ունի, ինչքան ձայներ կարող է հավաքել, ցույց կտա քվեարկությունը:

-Ամեն դեպքում, ժողովրդի տրամադրությունները նկատելի չե՞ն հիմա:

-Մինչեւ ընտրությունները 15 ամիս կա: Նորմալ է, որ ժողովուրդը ակտիվանում է: Ամեն մի քաղաքական գործչի հետեւորդներ փորձում են իրենց թեկնածուին, իրենց համար նախընտրելի քաղաքական գործչին գովազդել: Շատ բնական է, դա բոլոր տեղերում էլ կա: Եւ սա բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը:

-Բակո Սահակյանը ասել է, որ չի առաջադրվելու: Այնուամենայնիվ, ասում են` Արցախում նա շատ համախոհներ ունի` որպես հասանելի եւ հասարակ նախագահ: Հնարավո՞ր է, որ նա մտափոխվի եւ որոշի կրկին առաջադրվել:

-Ինքը հայտարարել է, որ չի մասնակցելու: Դա վերջնական որոշում է:

-Սամվել Բաբայանը սահմանադրական արգելքի է բախվել: Ըստ Արցախի հանրապետության սահմանադրության` նախագահի թեկնածու առաջադրվելու պայմաններից մեկն էլ այն է, որ թեկնածուն վերջին 10 տարիների ընթացքում պիտի բնակված լինի Արցախի Հանրապետությունում: Հնարավո՞ր է սահմանադրությունը փոխվի:

-Ինչքան գիտեմ, կա սահամանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների, սահմանադրագետների հետ ճշտվի, եւ տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան:

-Այսինքն չե՞ք բացառում, որ նման բան կլինի:

-Պետք է օրենքը նայել եւ, ըստ օրենքի, տեսնել ինչ` փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար: Էնտեղ կան ձայներ, ինչ-որ մինիմում թվաքականակ կա մարդկանց, որոնք պետք է կողմ արտահայտվեն: Ազգային ժողովի հետ էլ կապված ինչ-որ բաներ կան: Մի խոսքով, դա իրավական պրոցես է: Կոնկրետ չեմ կարող այդպես պատասխանել, բայց այդպիսի ձեւ եւ հնարավորություն կա, որը թույլ կտա փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: Ինչքան գիտեմ, հանրաքվեով է լինում, բայց դրա համար էլ պետք է ինչ-որ փուլեր անցնեն:

-Այսինքն` միայն մեկ անձի համար այդպիսի բան կլինի՞:

-Խնդիրը անձը չէ: Ինքը, ինչքան գիտեմ, ուզում է, որ փոփոխություն մտնի այդ 10 տարվա հետ կապված, որ այնուհետեւ հնարավորություն ունենա մասնակցելու:

-Ամեն դեպքում, այս պարագայում ստացվում է, որ դա կլինի իր օգուտի համար:

-Միգուցե 10 տարի հետո մեկ ուրիշն էլ կարողանա օգտվել դրանից: Ես չգիտեմ: Դա ընդամենը առաջարկ է, եւ չի նշանակում, որ 100 տոկոսով նման բան կլինի: Կարող է ժողովուրդը ուզել, կարող է չուզել: Չենք կարող հստակ ասել:

-Սամվել Բաբայանի կողմից ինչ-որ առաջարկներ կամ ակնարկներ եղե՞լ են այդ հարցի հետ կապված:

-Ինքը հայտարարել է չէ՞, որ ուզում է ինչ-որ քայլեր կատարել:

-Բայց նաեւ հայտարարել է, որ դեռ չի ուզում խառնվել եւ ինչ-որ առաջարկի է սպասում:

-Այդ մասով չեմ կարող ոչինչ ասել:

Լուսինե Մինասյան




Լրահոս