Այս օրերին ամենաքննարկվող թեման դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որը վերջնական տեսք կստանա եւ խորհրդարան կուղարկվի միայն այսօր։ Իսկ մինչ այդ կառավարության նախօրեի նիստում ներկայացվել, ապա հրապարակվել էր ծրագրի նախնական տարբերակը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր կառավարության ծրագրին՝ այն համեմատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ 2018 թվականին խորհրդարանում հաստատված ծրագրի հետ, եւ արձանագրել, որ դրանք շատ նման են: Տարբերությունն այն է, որ նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, եւ, բացի այդ, կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ, օրինակ` տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս:
Եվ երեկվա համարում նաեւ նկատել ենք արտաքին քաղաքականության ոլորտի մի քանի շեշտադրումները եւ այն հանգամանքը, որ ծրագրում բացակայում են Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու մասին տեսլականը: Փոխարենը մեծ տեղ է հատկացված Արցախյան հակամարտության հարցին։
Շատ ավելի հետաքրքիր պատկեր է լինում, երբ այս կառավարության ծրագիրը համեմատում ես նախկին իշխանությունների ծրագրերի հետ։ Մասնավորապես, խոսքը Կարեն Կարապետյանի կառավարության՝ 2016 թվականին ներկայացրած ծրագրի մասին է։
Նախ նշենք, որ ծավալային առումով ծրագրերը բավական տարբերվում են. Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի փաստաթուղթն ամբողջությամբ բաղկացած է եղել 28 էջից, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը՝ 71 էջից։
Կարեն Կարապետյանի կառավարությունն արձանագրում էր, որ պետության զարգացման խոչընդոտներից են հովանավորչությունը, յուրացումները, կաշառակերությունը եւ կոռուպցիայի այլ երեւույթները, միաժամանակ նշում քայլերը, որ պետք է կատարի եռամսյա եւ վեցամսյա ժամկետներում։ Այդ առումով շատ դրույթներ իրականացվել են։ Խոսքը, մասնավորապես, ապօրինի հարստացման քրեականացման, գույքի եւ եկամուտի հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին է։ Այսինքն` նախատեսված փաստաթղթերն ընդունելու առումով ծրագիրն իրականացվել է, սակայն այլ հարց, թե դրանից հետո նույն Կարեն Կարապետյանի կառավարությունը որքանով է հետամուտ եղել դրանց գործնական կիրառմանը։
Եվ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւս ձեռնամուխ է լինելու օրենսդրական կարգավորումներ անելուն։ «Ընդ որում, պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման եւ վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարեւորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով»,- ասված է ծրագրում:
Այժմ անդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին: Փաշինյանի ծրագրում կարդում ենք․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում կարդում ենք․ «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»։
Հիմնականում արտաքին քաղաքականության ոլորտում ծրագրային դրույթները նույնն են, սակայն Կարապետյանի կառավարության կետերից մեկը վերաբերել է Թուրքիայի հետ հարաբերություններին, ինչն այս անգամ բացակայում էր։ Մասնավորապես ձեւակերպված է այսպես․ «հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը»։ Հետաքրքիր է , որ Կարեն Կարապետյանի կառավարությունը միայն 13, 14, 15 կետերում էր խոսում ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, այնինչ Փաշինյանի կառավարության ծրագրում ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները երկրորդն են՝ անմիջապես Ղարաբաղյան հակամարտության մասին դրույթներից հետո։ Արդեն երրորդը ՌԴ-ի հետ հարաբերություններն են, ապա ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Իրանը, Վրաստանը եւ Չինաստանը։
Նաիրա Հովհաննիսյան