Մատակարարված սննդից թունավորվել է 19 հիվանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ընկերությունը «Հայարփի Քալանթարյան» Ա/Ձ-ի կնքած պայամանագիրը միակողմանի լուծարել է: Պատճառը կենտրոնի հիվանդների սննդային թունավորումն է: Իսկ նշված Ա/Ձ-ի հետ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» անցած տարվա մարտի 1-ին է պատրաստի սննդի մատակարարման մատուցման պետական գնման պայմանագիր կնքել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ հոկտեմբերի 5-ին նարկոլոգիական կենտրոնում 19 հիվանդի մոտ տեղի է ունեցել սննդային թունավորում: Պատճառները հայտնաբերելու նպատակով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել են համապատասխան հետազոտություններ:

Սննդամթերքի մանրէաբանական հետազոտության արձանագրության համաձայն`մսով բորշի մեջ հայտնաբերվել է պայմանական պաթոգեն մանրէներ: Ավելին, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից թունավորված հիվանդներից 4-ը ենթարկվել են մանրէաբանության, վարակակրության վերաբերյալ հետազոտության, մյուս թունավորվածներից 15 հոգի հրաժարվել են հետազոտություններից: Եւ իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ բոլոր հետազոտված հիվանդների մոտ հայտնաբերվել է Salm.enteriditus տիպի մանրէներ:

Բացի այս, նարկոլոգիական կենտրոնն այդ Ա/Ձ-ի ներկայացուցչի հետ համատեղ մատակարարված սնունդը մանրէաբանական հետազոտության նպատակովհանձնել է փորձարկման լաբորատորիա: Արդյունքում, մակարոնով ապուրի, հավի մսով, ցորենաձավարով հարիսայի եւ մասուրի հյութի մեջ հայտնաբերվել են անհամապատասխանություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ընկերությունը Ա/Ձ-ին առաջարկել է վերացնել թերությունները եւ զգուշացրել է, որ նմանատիպ խնդիրները կրկնվելու դեպքում միակողմանի կլուծարի պայմանագիրը:

Սակայն Ա/Ձ-ի կողմից մատակարարված պատրաստի սնունդը դարձյալ ենթարկվել է լաբորատոր հետազոտության, եւ պարզվել է, որ կարտոֆիլով եւ մսով սոուսի եւ թանի մեջ հայտնաբերվել են անհամապատասախանություններ: Արդյունքում ընկերությունը դեկտեմբերի 7-ից միակողմանի լուծարել է պատրաստի սննդի մատակարարման մատուցման պետական գնման պայմանագիրը` այդպես պատժելով ընկերությանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս