Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գեւորգ Հախնազարյանի խոսքերով` 2-ամյա Էրիկը երկու շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի: Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա): Փոքրիկի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Գեւորգ Հախնազարյանն ապրում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Գեւորգը պատմեց, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնում, բայց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառով հետ է եկել:
Հախնազարյանի ընտանիքն այլեւս գումար չունի Էրիկի համար անհրաժեշտ կերը եւ դեղերը գնելու համար: «Ես կերի համար դիմել եմ բազմաթիվ տեղեր եւ ստացել մերժում»,- պատմեց Գեւորգը: Նրա դիմումին ի պատասխան` Առողջապահության նախարարությունից արձագանքել են հետեւյալը. «ԱՆ-ն մանկական կերերի կենտրոնացված կարգով գնում չի իրականացնում, չի ստանում նաեւ որպես մարդասիրական օգնություն, ուստի այն ձեր երեխային տրամադրել չի կարող»: Ապա հորդորել է դիմել պոլիկլինիկա, քանի որ դեղերի դուրսգրումն իրականացվում է` «ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան»: Արարատի քաղաքապետարանը եւս չի օգնել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքին` պատճառաբանելով, որ գումար չկա: Փոխարենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն եւ իր ենթականերին խոշոր գումարով պարգեւատրում է: Թե որ արժանիքի համար, անհայտ է: Իսկ, ահա, նախագահի աշխատակազմից արձագանքել են` նշելով. «Ըմբռնումով ենք մոտենում Ձեր խնդրին, բայց 2019 թվականի բյուջեով այդ նպատակի համար միջոցներ չկան»: Ապա դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն:
«Դիմել եմ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, բայց իր աշխատակիցներն ասել են ինձ, որ չեն կարող օգնել, քանի որ նպաստ եմ ստանում: Ասացին` մենք չենք կարող ձեզ օգնել, քանի որ հենց դա ձեզ օգնություն է: Բայց նպաստը կազմում է 25 հազար դրամ: Մեր տանը աշխատող ուժ չկա, մենք ապրում ենք սոցիալական ծանր պայմաններում»,- ցավով նկատեց Գեւորգը: Բացի այս, Հախնազարյանների տունը գրավադրված է «Արդշինբանկում»` 2 մլն դրամի դիմաց: «Հայրս առողջական խնդիրներ ուներ. սրտի շտապ վիրահատություն պետք է արվեր, այս պատճառով մենք տունը գրավադրեցինք, հիմա բանկը դիմել է դատարան. երեք ամիս չենք վճարել»,- պատմեց մեր զրուցակիցը: Հուսանք` ինքն իրեն պարգեւատրած Գարիկ Սարգսյանն այս պատմությունից հետո քայլեր կձեռնարկի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան