Հանքարդյունաբերության ոլորտի մտահոգող անկումը. տնտեսությունը` բարդ իրավիճակի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակը սկսել է մտահոգել: Պատճառն այն է, որ հանքարդյունաբերող մի շարք խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց աշխատանքը: Չնայած, նկատենք` անգամ հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված անկման դեպքում ընդհանուր արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում հանքարդյունաբերական արտադրանքի ծավալները անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 14 տոկոսի չափով: Միայն աճ կա ցինկի խտանյութի արդյունահանման ծավալներում` 12.3 տոկոսով, մոլիբդենի խտանյութինը` 1.4 տոկոսով:

Իսկ, ահա, մնացած առումներով անկում է. օրինակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 26.7 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալների անկումը կազմել է 1.4 տոկոս: Անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավականին նվազել` 25.9 տոկոսով:

Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 428 հազար 500 տոննա պղնձի խտանյութ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 317 հազար 400 տոննայի դիմաց:

Ինչպես հայտնի է, հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը, որի հաշվին հաջողվել է նախկին իշխանություններին դրական ցուցանիշներ արձանագրել: Բայց անցած տարի հակառակ պատկերն է արձանագրվել եւ այն շարունակվում է նաեւ այս տարի: Մյուս կողմից հանքարդյունաբերության մասով ունենք անկում, իսկ դա 2018 թվականին կազմել է 14 տոկոս: Միայն մետաղական հանքաքարի արդյունահանումը նվազել է 15.8 տոկոսով:

Նկատենք, որ հանքագործական արդյունաբերության, բաց հանքերի շահագորման եւ նաեւ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով գերակշիռ մասն արտահանվում է: Սա նշանակում է, որ ցանկացած նվազեցում միանգամից ազդում է արտահանման ծավալների վրա:

Այս դեպքում պատճառը ոչ թե միջազգային գներն են, այլ հանքարդյունաբերական ընկերությունների պարապուրդը: Ի դեպ, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի ներկայացրած տվյալների` այս ամիսներին պղնձի մեկ տոննայի միջին գինը ավելի քան 6 հազար դոլարի սահմաններում է: Տարիներ առաջ պղնձի խտանյութը մեր արտահանման կազմում առաջատարն է եղել: Իսկ դրա թանկացումը միջազգային շուկայում բարձրացնում է արտահանման արժեքն ու լրացուցիչ եկամուտներ ապահովում, ինչից տնտեսական առումով օգտվում է միմիայն Հայաստանը:

Մյուս կողմից` մասնագետների կանխատեսմամբ` այս տարվա ընթացքում եւս շարունակվելու է գրանցվել պղնձի խտանյութի ծավալների անկում, քանի որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն մեկ տարի է, ինչ դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ ընկերության ավելի քան 800 աշխատող պայքարում է հանքավայրի վերաբացման համար: Նշենք, որ հանքավայրը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, եւ այժմ բանկը հանքավայրը վերագործարկող այլ օպերատոր է փնտրում, սակայն հարցը ձգձգվում է: Պատճառն այն է, որ «Կ-Արաստ» ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի, եւ պահանջել լուծարել այն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ արդեն «Կ-Արաստ» ընկերությունը հետ է վերցրել «Կ-Արաստ»-ը սնանկ ճանաչելու պահանջը: Մինչդեռ նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո: Բացի այս, շուրջ երկու ամիս է` չի աշխատում նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Եթե «Թեղուտ» հանքավայրի վերագործարկման համար բանկի հետ օպերատորներ են բանակցում, ապա Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում սայլը տեղից չի շարժվում: Երեկ պղնձաձուլարանի աշխատողները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դեռ պարզ չէ` վարչապետը կարձագանքի արդյոք ալավերդցիների` 5500 ստորագրություններով նամակին, թե ոչ:

Բայց նկատենք, որ Հայաստանի տնտեսության, հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: Մյուս կողմից` հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բարձիթողի վիճակում է:

Մասնագետները պնդում են, որ հանքարդյունահանող ընկերությունները իրենց գործելաոճը այնպիսի լուրջ փոփոխության պետք է ենթարկեն, որ նվազագույնի հասցվի վնասը: Չէ՞ որ մեր երկրում հանքարդյունաբերությունը վնասներ է հասցնում բնապահպանությանը, գյուղատնտեսությանը, առողջապահությանը: Այդ վնասների մեծ մասն արդեն ենթակա չէ փոխհատուցման: Եւ հանքարդյունահանող ընկերությունները ոչ միայն իրենց հաշիվ չեն տալիս` սխալ են շահագործում, թե ճիշտ, այլեւ պատասխանատվություն չեն կրում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս