«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա. այդ պաշտոնում առաջադրվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրան առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն: Հատկանշական է փաստը, որ Միքայելյանը երկար ժամանակ չէր համաձայնում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել, եւ ամիսներ շարունակ ազատամարտիկները ե՛ւ հրապարակային, ե՛ւ ներկուլիսային հանդիպումներում խնդրել, համոզել ու «պարտադրել» են Միքայելյանին՝ գնալու այդ քայլին:
Այս առումով պատահական չէր փաստը, որ Միքայելյանին առաջադրելու որոշումը ԵԿՄ-ում ընդունվել է միաձայն, նրա օգտին են քվեարկել նաեւ նրանք, որ ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից եւ միայն վերջերս վերադարձել: Հիշեցնենք` ԵԿՄ-ում սկզբում ցանկացել էին վարչության նախագահ ընտրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին. նա նույնիսկ տվել էր իր համաձայնությունը: Սակայն, երբ խոսվեց Սասուն Միքայելյանին ԵԿՄ վարչության նախագահ առաջադրելու մասին, Արամ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնեց: Երեկ նա ոչ միայն պաշտպանեց «Սասուն» ջոկատի հրամանատարին, այլեւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արամ Սարգսյանը մտադիր է այսքանից հետո մնալ Սասուն Միքայելյանի կողքին եւ ամեն կերպ աջակցել՝ վերականգնելու ԵԿՄ-ի անունը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում