ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տատիկիս վարսերը» ֆիլմի թնջուկը. ռեժիսորը գումար է պահանջում, իսկ նախարարությունը՝ հիմնավորում, որ որեւէ պարտավորություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը: Նա պահանջում է անհապաղ վերականգնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015 թ․ թիվ 329 գրությամբ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։

«Պահանջում եմ վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն եւ բացառապես նշված պահանջների բավարարումը»,-ասված է ռեժիսորի տարածած հայտարարության մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում պարոն Գալստյանը հավաստիացրեց, որ 2015-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» ֆիլմը համաֆինանսավորելու հայտը, որտեղ նշվել է, որ արտադրության բյուջեն 310 միլիոն դրամ է, իսկ կինոկենտրոնից ակնկալվող գումարը՝ 88 միլիոն դրամ: Ռեժիսորը վստահ է, որ կինոկենտրոնի տնօրինությունը՝ ի դեմ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, անձնական թշնամանք ունի իր դեմ եւ ցանկանում է տապալել իր ֆիլմի արտադրությունը.

Բոլորովին այլ են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի փաստարկները: Նրա պնդմամբ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկատմամբ ոչ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ոչ մշակույթի նախարարությունը որեւէ պարտավորություն չունեն: Նա հակադարձում է ռեժիսորի այն պնդմանը, թե 2016-ին 8 միլիոն, 2017-ին 15 միլիոն տալուց տալուց հետո կինոկենտրոնը պարտավոր էր էլի գումար տալ ռեժիսորին 2018-ի համար:

«Հովհաննես Գալստյանը ասում է՝ իրեն 8 միլիոն տվել են 2016-ին, 15 միլիոն՝ 2017-ին, մնացած գումարն էլ պետք է տային 2018-ին: Ես էլ հարցնում եմ՝ որտե՞ղ է գրված, որ 2018-ին պետք է իրեն գումար տային: Այդ մասին հավաստող որեւէ փաստաթուղթ չկա: «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն»-ի եւ կինոկենտրոնի միջեւ կնքված պայմանագրի համաձայն ինքը պետք է ստանար 23 միլիոն դրամ եւ ֆիլմն ավարտեր 2017-ին: Նա ստացել է գումարը, բայց 2017-ին չի ավարտել ֆիլմը, ուստի կինոկենտրոնը մեկ տարով երկարացրել է ժամկետը, բայց հավելյալ ֆինանսավորման պարտավորություն չի ստանձնել: Ինքներդ տրամաբանեք՝ եթե նախարարությունը կամ կինոկենտրոնը 2018 թվականի համար ունենար պարտավորություն, այդ դեպքում ինչու՞ է Հովհաննես Գալստյանը մասնակցել հայտերի մրցույթին, այսինքն՝ հայտ էր ներկայացրել՝ արտադրական ֆիլմի համար: Դա բացահայտ խոսում է այն մասին, որ կինոկենտրոնի պարտավորություններն իր ֆիլմի նկատմամբ ավարտվել էին, իսկ իր պարտավորությունները՝ ոչ: Ի դեպ, իր ներկայացրած հայտի արտադրական փաթեթում որեւէ պայմանագիր չի եղել»,- ասում է Նազենի Ղարիբյանը:

Հավելենք նաեւ, որ 2010-2014թթ. «Պարալլելս Փրոդաքշըն» ընկերության հիմնադիր, ֆիլմարտադրող Հովհաննես Գալստյանը Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է 93.4 մլն դրամ մեկ այլ կինոնախագծի՝ «Լուսավոր շրջան» («Սրբագրողը») վերնագրով ֆիլմի արտադրության համար: Ֆիլմի նկարահանումներն առայսօր ավարտված չեն, եւ կինոկենտրոնից պնդում են, որ ներկայացված նյութը համարժեք չէ ստացված գումարին։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը այդ կինոնախագծի փաստաթղտային փաթեթը հանձնել է ՀՀ դատախազություն՝ ֆիլմարտադրողի կողմից պետական ֆինանսավորման ոչ նպատակային ծախսերը պարզելու համար։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս