Երեկ երեկոյան Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է պետական կառավարման համակարգի մարմինների թվի կրճատում: Այսպես, Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները կմիանան Կրթության եւ գիտության նախարարությանը եւ կվերանվանվեն Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն: Ինչպես հայտնի էր, Գյուղատնտեսության նախարարությունը կմիանա Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը եւ կկոչվի Էկոնոմիկայի նախարարություն:
Իսկ, ահա, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կմիանա Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, կկոչվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Ի դեպ, այս կառույցին կփոխանցվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող, տրանսպորտի ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները: Կհանձնվեն նաեւ Պետական գույքի կառավարման եւ Ջրային կոմիտեները, որոնք կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ եւ գլխավոր քարտուղար: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Կկրճատվեն նախարարության բոլոր գործառույթները, կավելացվեն թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ: Երկար քննարկվող Սփյուռքի նախարարությունը կմիանա վարչապետի աշխատակազմին` ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ: Կվերանա նաեւ առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Իսկ, ահա, Բնապահպանության նախարարությունը կվերանվանվի Շրջակա միջավայրի նախարարություն: Ի դեպ, նշենք, որ նախագծերի փաթեթում խոսք չկա այն մասին, թե այս փոփոխությունների արդյունքում քանի քաղաքացի գործազուրկ կդառնա:
Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա, իր դիմումի համաձայն, կարող է գրանցվել կադրերի ռեզերվում: Խոսք չկա նաեւ այն մասին, թե այս ամենի արդյունքում ՀՀ պետական բյուջեն որքան խնայողություն կանի: