ՓՓետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Նիստն անցկացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ: Նիստին ներկա են եղել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը զեկուցել է զինված ուժերում հանցագործության դեպքերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի պաշտպանության, մեղադրանքի պաշտպանության և Սահմանադրությամբ դատախազության համար նախատեսված մյուս լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների, զինված ուժերում հանցավորության հիմնական վիճակի և շարժընթացի, դրանց կանխման, բացահայտման և մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առաջնահերթությունների իրագործման արդյունքների մասին:
2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ:
Վերջիններիցս 63,8%-ը` զինվորական, 36,2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են:
Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով:
2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի, 1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող: