Վարչապետի խորհրդականը հրաժեշտ կտա՞ իր պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը շարունակում է, մեղմ ասած, անհարմար դրության մեջ դնել վերադասին: Նախօրեին սոցիալական ցանցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին նրա գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց: Ժամեր անց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- հավելել էր Փաշինյանի խոսնակը: Սակայն երեկ Factor.am-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանը կրկին «յուղ է լցրել» այս թեմային: Նախ՝ նա Տեր-Պետրոսյանի հասցեին շարունակել է վիրավորական գնահատականներ հնչեցնելը, այս անգամ՝ հարցադրումների տեսքով: Այնուհետեւ պատասխանելով հարցին՝ վարչապետը իրենից ինչ պարզաբանումներ է պահանջել` ասել է. «Այն, ինչ Ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր նույնպես»: Այլ կերպ ասած` նա փորձել է հերքել վարչապետի խոսնակի հայտարարությունը, թե Փաշինյանն իրենից բացատրություն է պահանջել: Ավելի ուշ Ղազարյանը հյուրընկալվել էր «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունում ու խոսում էր այդ թեմայի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե, ի վերջո, Փաշինյանը բացատրություն պահանջել է իր խորհրդականից, թե ոչ: «Ես վստահ եմ, որ եթե ասել է՝ պահանջել է պարզաբանումներ, ուրեմն իսկապես պահանջել է»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Կարապետյանը։ Ակնհայտ է, որ վարչապետի խոսնակը չէր կարող Փաշինյանի անունից սուտ լուր հաղորդել. ի վերջո, Վլադիմիր Կարապետյանը մեծ փորձ ունի եւ հասկանում է իր դիրքը, զբաղեցրած պաշտոնի նշանակությունը, ըստ այդմ՝ խոսքի լրջությունը` ի տարբերություն իշխանության մեջ հայտնված երիտասարդ կադրերի: Իսկ թե ինչու է վարչապետի խորհրդականն իրեն այսկերպ պահում, մնում է միայն ենթադրել:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր աշխատանքին: Ամեն դեպքում, իշխանական օղակներում այդ քայլին միանգամից չեն գնում, քանի որ մտահոգված են՝ խնդիրը եղավ Տեր-Պետրոսյանի հասցեին հնչեցրած խոսքերից հետո վարչապետի խորհրդականի պաշտոնանկությունը կարող է դիտվել որպես առաջին նախագահի թիմից ուղղորդված, նրանց պահանջով թելադրված:

Լուսինե Մինասյան




Լրահոս