Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանի շուրջ ծավալվող իրադարձությունները վերջնական արդյունք չեն գրանցում։ Մի քանի ամիս առաջ Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Գալստյանի հրաժարականը։ Դժոգոհության ալիքը այնքան էր սաստկացել որ Ջրառատի համայնքապետարանի առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ մարզպետարանի երկու աշխատակցի եւ համայնքի բնակիչների միջեւ։
Հիշեցնենք` Սամվել Գալստյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է։
Գյուղապետի հետ կապված դժգոհությունների ալիքը սկսել էր ավելի վաղ։ Գյուղապետն ասել է` եթե 600 ստորագրություն հավաքվի, հրաժարական կտա։ Հավաքվել է պահանջածից ավելի շատ ստորագրություն, սակայն գյուղապետը հրաժարական չի ներկայացրել` պատճառանաբանելով, թե ինչպես վստահ լինի, որ այդ ստորագրությունները հենց իրեն ընտրած մարդկանցն են եղել։ Ավելի վաղ գրել էինք, որ, ըստ մեր տեղեկությունների, գյուղապետը աշխատողներին ասել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տալու։
Ծեծկռտուքի դեպքից հետո Ջրառատի գյուղապետարանի աշխատողներին կանչել են մարզպետարան խնդրին լուծում տալու համար։ Սակայն հանդիպումից հետո այդպես էլ մանրամասներ հայտնի չդարձան, եւ, ըստ էության, հարցին լուծում չտրվեց։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գյուղում չեն դադարել պահանջել Սամվել Գալստյանի հրաժարականը։ Վերջինս գյուղապետարան է գնում 10 օրը մեկ, իսկ ավագանու անդամները կտրականապես մերժում են վերջինիս։
Թավշյա հեղափոփությունից հետո նման խնդիրներ կան շատ համայնքներում։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը համայնքապետերի եւ մարզպետերի հետ միտված էր նման խնդիրների լուծմանը։ Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց օրինագիծ ստեղծել, որն էլ հնարավորություն կտա համապատասխան ստորագրությունների քանակի հիման վրա անցկացված հանրաքվեով ետ կանչել համայնքապետերին եւ մարզպետներին։
Լուսինե Մինասյան