Սուպեր նախարարների Հայաստանը. կառավարության խոստումներն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց վարչապետին` մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Ի պատասխան` վարչապետն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի:
«Ես հիմա Սահմանադրությամբ կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, լայն եւ բուռն քննարկում է տեղի ունենում, հետո ծրագրի կատարման զեկույց է լինելու, ԱԺ-ի հետ հարցուպատասխան, բյուջեի կատարողական, բյուջեի նախագծի քննարկում: Ես անկեղծ ասացի ԱԺ նախագահին՝ եթե այս առիթները չունենայի եւ լինեի այն լիազորություններով հանրապետության նախագահ, այդ վիճակին չէի դիմանա: Ինձ` որպես հրապարակային քաղաքական գործչի, անհրաժեշտ է լինել այս հարթակներում, ամբիոններում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ, գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո այս հարցը շատ է քննարկվել, քանի որ ընդդիմադիր գործունեություն ծավալելու ժամանակ թե՛ նա, թե՛ իր գործընկերները քննադատում էին, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը: Սակայն, ըստ էության, այժմ այն փոխելու ուղղությամբ դեռեւս գործուն քայլեր չկան: Ընդամենը 2018 թվականի մայիսի 8-ին` վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, վարչապետը լրագրողների հետ զրույցում, երբ լրագրողները հարց էին տվել, թե որ լիազորությունն է կրճատելու, վարչապետն արձագանքեց. «Ես ասել եմ արդեն, որ սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի»:

Մայիսի 8-ից արդեն 8 ամիս է անցել, եւ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, սակայն նախագիծն ուսումնասիրելուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նորընտիր կառավարությունը ոչ թե քայլեր է անում այդ համակարգը ոչնչացնելու, այլ այն ավելի է ամրապնդում, եւ դեռ ավելին` ստեղծում է նաեւ սուպերնախարարություններ:
Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում է ստեղծել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, սակայն փաստ է, որ հանձնակատարը կրկին ենթարկվելու է վարչապետին:
Մասնավորապես, նրա լիազորությունների դրույթներում ամրագրված է.
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա եւ հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին։
2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում եւ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ. հանձնակատարը նաեւ գրասենյակ է ունենալու, գրասենյակի ղեկավար, որը կրկին ենթակա է լինելու վարչապետին: «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա է Հայաստանի Հանրապետության վարչապետին, հաշվետու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին», – ասված է նախագծում։ Ասել է թե` վարչապետին ենթարկվող եւս մեկ կառույց է լինելու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Էլ չենք խոսում սուպերնախարարությունների մասին: Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության եւ գիտության նախարարությանը՝ վերանվանելով Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն: Այս բոլոր ոլորտներն արդեն խոշոր են եւ միավորվելով` վերածվում են սուպերնախարարության:


Սակայն մեգա սուպերնախարար կլինի թերեւս Սուրեն Պապիկյանը: Բանն այն է, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը միանում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ վերանվանվելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Օրենքի ընդունումից հետո, կառավարության որոշմամբ, այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ Ջրային կոմիտեն: Սա թերեւս ամենաահռելի նախարարությունն է լինելու, ընդ որում՝ ղեկավարելով ամենակարեւոր ոլորտները: Այս առումով պատահական չէ, որ այս գերատեսչության ղեկավարումն էլ կվստահեն հենց Սուրեն Պապիկյանին, ով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետը, եւ ոչ մեկ անգամ է նշվել, որ Նիկոլ Փաշինյանի համար ամենավստահելի մարդկանցից մեկն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս